Նորություններ

Հյուսիսային համալսարանը ամփոփում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը

30.01.2018

Հունվարի 29-ին աշխատանքային այցով Հյուսիսային համալսարանում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագրի ղեկավար, արտաքին կապերի բաժնի կոորդինատոր Սյուզաննա Սարգսյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում <<Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով մարզում բարձրագույն մասնագիտական կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանի երևանյան կրթահամալիրում և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում իրականացվել է հեռավար ուսուցման լաբորատորիաների կահավորումը և հագեցումը համապատասխան համակարգչային սարքավորումներով: Ալավերդու մասնաճյուղում աշխատանքներին ծանոթանալու համար առանձին այց էր իրականացվել, որի արդյունքները ներկայացվել էին ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում:Այս անգամ հանդիպման առանցքում դրամաշնորհային ծրագրի իրականացման ժամկետի հարցն էր: Ներկաները քննության առան դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր՝ պայմանավորված ծրագրի ժամկետի փոփոխությամբ : Ծրագրի ղեկավար Սյուզաննա Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսված էլեկտրոնային շտեմարանների և հեռավար ուսուցման կազմակերպման համար խորհրդատուների ներգրավման աշխատանքները տևեցին ավելի երկար, քան նախատեսված էր, ինչը առաջ է բերում դրամաշնորհային ծրագրի տևողության երկարացման խնդիր: Ըստ այդմ բուհը պատրաստում է ծրագրի փոփոխության առաջարկ, որի արդյունքում այն կամփոփվի տարեվերջին: Նա ներկայացրեց ծրագրի շրջանակներում այս փուլում իրականացված գործողությունները. խոսեց թե ընթացքում առաջ եկած դժվարությունների, թե դրանց կարգավորման համար կիրառված եղանակների մասին: Սարգսյանը նշեց, որ ընթացքում են համալսարանի կայքի վերափոխման աշխատանքները. այն հարմարեցվում է հեռաուսուցման Moodle համակարգին: Իրականացվել է հեռավար ուսուցման մեթոդներով տասնհինգ դասընթացների ցանկի հստակեցում: Մեկնարկել են հեռավար ձևաչափով ուսուցմամբ դասընթացների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանների ստեղծման համար խորհրդատուների ընտրության աշխատանքները: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Ժաննա Անդրեասյանը կարևորեց գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով հեռավար կրթություն իրականացնող այլ բուհերի հետ հանդիպումը, որը կնպաստի դրամաշնորհային ծրագրի հետագա աշխատանքների արդյունավետ իրականացմանը: Նա նշեց, որ հեռավար ձևաչափը գնալով ավելի լայն տարածում է ստանում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում, ինչի վկայությունն է ՆՄՀ շրջանակներում իրականացված դրամաշնորհային ծրագրի արդյունքում ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում արդեն գործող Հայաստանում առաջին հեռավար մագիստրոսական ծրագիրը: <<Հեռավար կրթության ոլորտում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի փորձառությունը ուսանելի է այս ուղղությամբ քայլեր անող մնացյալ բուհերի համար>>,- հավելեց Ժ. Անդրեասյանը :
Հավելենք, որ այս դրամաշնորհային ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու զարգացմանը:
 

Նորություններ

29.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում բուհերում ստեղծվել են թվով 5 նորարական գերազանցության կենտրոններ և լաբորատորիաներ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը: ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է... 23.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների... 15.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ...