Նորություններ
Տեղի է ունեցել ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի Վանաշենի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությունը
03.09.2026
Սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ ներկա է եղել Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրում կառուցված միջնակարգ դպրոցի բացման արարողությանը։ Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2,5 մլրդ դրամ։ Նոր դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Շնորհավորելով ներկաներին դպրոցի կառուցման և բացման առիթով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին, Վարչապետի խոսքով՝ դպրոցը պետք է դառնա երեխաների համար զարգանալու և ստեղծագործելու, ինչպես նաև հետագա բարեկեցիկ և հաջողակ կյանքի պատրաստվելու միջավայր, որտեղ նրանք ձեռք կբերեն իրենց ցանկացած հաջողություններին հասնելու հմտություններ։ «Ամենակարևոր հմտությունը, որ կրթական համակարգը պետք է փոխանցի մեր երեխաներին, կյանքի փոփոխություններին ադապտացվելն է, որովհետև կյանքն ինչքան գնա՝ ավելի արագ է փոխվելու, և շատ կարևոր է, որ մեր երեխաները կարողանան կյանքին համահունչ փոխվել դեպի ավելի լավը։ Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում։ Մենք կարծում ենք, որ դրա համար նվազագույն պայմաններն ապահովել ենք, մնացած ամեն ինչը կախված է ձեզնից, և ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ձեր բարեկեցիկ կյանքին այսօր պատրաստվելու գործում», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շրջայց է իրականացրել ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքները ամրապնդել գործնական հմտություններով: Դրանք ստեղծվել են ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: