Նորություններ
Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները
23.10.2026
Գործնական հմտությունների զարգացում, հետազոտահեն ուսուցում և ժամանակակից կրթական մեթոդներ․ Երևանում շարունակվում է ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլը:
Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումների հերթական փուլը։ Դասընթացներն անցկացվում են Երևանի թիվ 122 հիմնական և Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցներում՝ նպատակ ունենալով ամրապնդել մանկավարժների մասնագիտական կարողությունները և խթանել դասավանդման ժամանակակից ու արդյունավետ մեթոդների կիրառումը։
Վերապատրաստումների առանցքում տեսական գիտելիքների գործնական կիրառումն է։ Դասընթացների ընթացքում ուսուցիչները հնարավորություն են ստանում ոչ միայն խորացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, այլև ձեռք բերելու նոր հմտություններ՝ լաբորատոր սարքերի, գործիքների և քարտեզների կիրառման միջոցով։ Մասնակիցների խոսքով՝ գործնական աշխատանքներն օգնում են ավելի լավ պատկերացնել ուսումնական նյութի կիրառական նշանակությունը և գտնել այն սովորողներին առավել մատչելի ու հետաքրքիր ներկայացնելու նոր ուղիներ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև հետազոտահեն և նախագծային ուսուցմանը, որոնք ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչներից են։ Այս մեթոդները հնարավորություն են տալիս սովորողներին դուրս գալ դասագրքային գիտելիքի սահմաններից, ինքնուրույն ուսումնասիրել երևույթները, առաջադրել հարցեր, վերլուծել արդյունքները և գիտելիքը կիրառել իրական իրավիճակներում։ Ուսուցիչների համար այս մոտեցումներին տիրապետելը կարևոր քայլ է դեպի ավելի ակտիվ, մասնակցային և սովորողակենտրոն կրթական միջավայրի ձևավորում։
Վերապատրաստումների ընթացքում ձևավորվող մասնագիտական կարողությունները նպաստում են դասավանդման որակի բարձրացմանը՝ հնարավորություն տալով տեսական նյութը համադրել փորձարարական և հետազոտական աշխատանքների հետ։ Արդյունքում ուսումնական գործընթացը դառնում է առավել բովանդակալից, իսկ սովորողները՝ ավելի ներգրավված սեփական ուսումնառության մեջ։
Դասընթացների այս փուլը ամփոփվել է հոկտեմբերի 23-ին։ Միևնույն ժամանակ, ԲՏՃՄ ուղղությամբ վերապատրաստումները շարունակական բնույթ են կրում՝ նպատակ ունենալով աջակցել ուսուցիչների մասնագիտական աճին, ժամանակակից կրթական գործիքների արդյունավետ կիրառմանը և ուսումնառության որակի հետևողական բարելավմանը։



