Նորություններ

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

09.06.2026

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնի բացումը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք, կենտրոնի ստեղծմանն աջակցած միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։«Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը ստեղծվել է Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) կողմից։ «Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 118 մլն դրամ: Ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոնը կծառայի գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի կրթական ծրագրերի և գիտական հետազոտությունների զարգացմանը՝ նպաստելով մրցունակ մասնագետների պատրաստմանը և բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է գյուղատնտեսության զարգացմանը համահունչ կրթական միջավայրի ձևավորումը․«Ժամանակակից գյուղատնտեսությունը, նախ և առաջ, տեխնոլոգիապես հագեցած տնտեսական գործունեություն է։ Սա նշանակում է, որ մենք պետք է էապես վերանայենք նաև այդ ոլորտում կրթության կազմակերպման ձևերն ու միջավայրը։ Կարևոր է նաև, որ միջավայրի հագեցվածությանը զուգահեռ վերափոխվեն կրթական ծրագրերը՝ նպաստելով բուհի զարգացմանը»:ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է, որ ակադեմիական քաղաքի շրջանակում տեխնոլոգիական կլաստերում առանձնահատուկ ներկայացվածություն պետք է ունենա նաև ագրարային ոլորտը․ «Այսօր ստեղծված լաբորատոր ենթակառուցվածքները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ։ Կարծում եմ, որ նման ծրագրերի խթանմամբ միայն հնարավոր կլինի ապահովել բարձրորակ և միջազգային չափանիշներին համապատասխանող մրցունակ կրթություն»։ Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը նոր հնարավորություններ է բացելու ոչ միայն ապագա շրջանավարտների, այլև երկրի զարգացման համար, քանի որ այստեղ կրթված յուրաքանչյուր մասնագետ հետագայում իր ներդրումն է ունենալու ոլորտի արդիականացման և զարգացման գործում։Նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացմանը մասնակցած բոլոր գործընկերներին՝ ընդգծելով, որ այն համատեղ և համակարգված աշխատանքի արդյունք է։«Նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ մեր տարբեր բուհերում ստեղծվել են կարևոր ենթակառուցվածքներ, և սա, իհարկե, նաև հավելյալ պատասխանատվություն է, որովհետև ձևավորված հնարավորությունները պետք է օգտագործվեն ամբողջ ներուժով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նա անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների հետ համագործակցությանը՝ կարևորելով նորաբաց կենտրոնում մասնագետների համար վերապատրաստման դասընթացների և ծրագրերի կազմակերպումը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի խոսքով՝ վերջին 7-8 տարիների ընթացքում համալսարանում ստեղծված նոր ենթակառուցվածքների թիվը հասել է շուրջ 60-ի: «Գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը առաջնահերթ խնդիր է։ Ժամանակակից և թվային տեխնոլոգիաների ներդրումը, դրանց կիրառումը գյուղատնտեսական գործընթացներում և բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսության ապահովումը հրատապ լուծում պահանջող հարցեր են»,- ասել է Հրաչյա Զաքոյանը՝ կարևորելով «Ագրոբոտ» համալիրի ստեղծումը, որը հնարավորություն է տալիս գյուղատնտեսության ոլորտում կիրառելու ժամանակակից տեխնոլոգիաներ, ռոբոտատեխնիկա և թվային լուծումներ։ ՀԱԱՀ-ում 2025 թվականի սեպտեմբերից ներդրվել է «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա» մասնագիտական կրթական ծրագիրը: Այս մասնագիտությամբ սովորող ուսանողները ներկայացրել են մեկ տարվա ընթացքում կուտակած փորձն ու ձեռքբերումները: Միջոցառման ընթացքում հյուրերը շրջել են «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնում հիմնված ժամանակակից AgrobotLAB և ITLab լաբորատորիաներում, ծանոթացել ժամանակակից ռոբոտներով և լաբորատոր սարքավորումներով հագեցած աշխատանքային և ուսումնահետազոտական լսարաններին: Ծրագրի շահառուներն են ՀԱԱՀ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի և բուհի քոլեջի համապատասխան մասնագիտությունների ուսանողները, դասախոսները, ասպիրանտները, հետազոտողները, ֆերմերները, գյուղատնտեսության մեքենայացման մասնագետները, ոլորտի հետազոտողները, «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաները և այլոք։ 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...