Նորություններ

ՀՊՄՀ-ում հիմնվում է ԲՏՃՄ ոլորտի գերազանցության եզակի կենտրոն. Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է աշխատանքներին

08.11.2024

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ ծանոթանալու բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի հիմնման աշխատանքներին:

Ժամանակակից կրթական մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոնն իր մեջ ներառում է 6 լաբորատորիա և 2 կենտրոն՝ գիտական միջոցառումների ու վերապատրաստման ժամանակակից սրահ և մասնագիտական կողմնորոշման ու նախնական փորձառության ձևավորման լսարան:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, տեխնոլոգիայի, աշխարհագրության և ՏՏ լաբորատորիաներին, որոնք հիմնվել են ծրագրի շրջանակում և ամբողջովին արդիականացվում են: Լաբորատոր սարքավորումներով համալրման գործընթացը շարունակվում է. ծրագրի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի:

Ժաննա Անդրեասյանն իրականացված աշխատանքներն ու նոր ստեղծվող ենթակառուցվածքները կարևոր նախադրյալ է համարել որակյալ կրթության կազմակերպման առումով:

Նախարարը կարևորել է ծրագիրը՝ շեշտելով, որ ապագա ուսուցիչների համար ԲՏՃՄ կրթության ոլորտում կիրականացվի արդյունավետ մասնագիտական կրթություն, իսկ գործող ուսուցիչների համար այստեղ կարող են վերապատրաստման դասընթացներ կազմակերպվել: Ստեղծված պայմանների շնորհիվ ուսանողները և վերապատրաստման դասընթացների մասնակիցները կծանոթանան հանրակրթության նոր չափորոշիչներով սահմանված ուսուցման նորարար մեթոդներին և լաբորատոր աշխատանքներին։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև ուսումնակրթական մասի բովանդակային մշակման անհրաժեշտությունը:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծել է՝ տեսակով եզակի կենտրոնը հնարավորություն կտա նաև արդյունավետորեն իրականացնել ուսուցում-աշխատանք-վերապատրաստում կապը՝ մանկավարժական տարբեր սերունդների հետ գործակցությամբ, կնպաստի ներկա և ապագա ուսուցիչների հետազոտական և ստեղծագործական բաղադրիչի բարելավմանը։ ՀՊՄՀ-ի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկայի ընթացքում կենտրոնում հնարավորություն կունենան իրականացնել հետազոտություններ՝ հետադարձ կապի հիման վրա առաջարկելով նոր ուսումնամեթոդական ռեսուրսներ։

Լաբորատորիաներն անհրաժեշտ գույքով, տեխնիկայով, սարք-սարքավորումներով հագեցնելու գործընթացն իրականացվում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված պայմանագրով: Ծրագիրը իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակում:

Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնը միտված կլինի ներկա ու ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը, նորարարական, գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով զինված մասնագետների պատրաստմանը։

Աղբյուրը՝https://escs.am/am/news/25535

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...