Նորություններ

Նոր ուսումնական տարին հիմնանորոգված դպրոցում. Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցը բացեց իր դռները

02.09.2022

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել են Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոց:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով: Բարձրաստիճան հյուրերը շնորհավորել են դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, շրջել դպրոցում, ծանոթացել նորակառույց հաստատության ուսումնական պայմաններին, զրուցել սովորողների և մանկավարժների հետ:
Շնորհավորանքի խոսքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Այսպիսի դպրոցում սովորելն իսկապես մեծ ձեռքբերում է: Ձեզ համար, սիրելի՛ աշակերտներ, ստեղծվել են բոլոր պայմանները: Դուք մեկ առաքելություն ունեք՝ պետք է կերտեք մեր ապագան: Իմ խնդրանքը բոլորին, հատկապես՝ ուսուցիչներին և ծնողներին, մեկն է՝ թո՛ւյլ տվեք, որ մեր երեխաները մեծանան ազատ, իրենք որոշեն իրենց ապագան, իհարկե՝ ձեր օգնությամբ և ուղեկցությամբ: Իմացե՛ք, որ միայն ազատ մարդը կարող է իսկապես ստեղծագործել, ստեղծել արժեքներ, որոնք հարկավոր են լինելու մեր պետությանը, մեր երկրի զարգացմանը: Մենք կարող ենք առաջ շարժվել, դժվարությունները հաղթահարել միայն և միայն գիտելիքի շնորհիվ: Իսկ գիտելիքի ձեռքբերումը սկսում է մանկապարտեզից, այստեղից՝ դպրոցից: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ: Բոլորիդ ցանկանում եմ հաջողություններ, առողջություն, նորանոր ձեռքբերումներ»:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրը, նշել է. «Սեպտեմբերի 1-ը թեև օրացույցում աշնան առաջին օրն է, սակայն կրթության, գրի և դպրության իմաստով տարվա առաջին օրն է: Բոլորս սեպտեմբերի 1-ի խորհրդով ենք պայմանավորում գիտելիքի և կրթության հետ կապված մեր ցանկությունները և երազանքները` դպրոցի առաջին դասարանից մինչև բուհի առաջին կուրս: Սեպտեմբերի 1-ը սպասումների մեծ ծավալ և երազանքների խտացում ամփոփող տոն է»:
Վահրամ Դումանյանի ընդգծմամբ` ՀՀ կառավարությունը կրթական համակարգի զարգացման ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում: Կառավարության ծրագրում ամրագրված է մինչև 2026 թվականն իրականացնել 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցում, հիմնանորոգում և վերակառուցում:
Նշենք, որ ՀԲ վարկային ծրագրի շրջանակում Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցն ամբողջությամբ վերակառուցվել է` հիմնովին նորոգվել են դպրոցի շենքը, տանիքը, դասասենյակները, բակը, մարզադահլիճը: Ծրագրի շրջանակում դպրոցը հագեցվել է նաև նոր ուսումնական գույքով և տեխնիկական միջոցներով: Կառուցվել է ջեռուցման նոր համակարգ, փոխվել և թարմացվել են կոմունալ ենթակառուցվածքները:
Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցն ավելի քան 200 սովորող ունի: Դպրոցի տնօրեն Արմանուշ Միրզոյանի խոսքով` իրենք սրտի թրթիռով և շատ երկար են սպասել նորոգված դպրոցում դասեր անելու երանելի պահին: Շինարարության ընթացքում` շուրջ երկուսուկես տարի, աշակերտների դասերը կազմակերպվել են հարևան թիվ 141 հիմնական դպրոցում, եղել են դժվարություններ, որոնք այլևս անցյալում են:
«Այս սեպտեմբերի 1-ին մեր դպրոցում տրամադրությունը կրկնակի տոնական է, որովհետև ուսումնական տարին սկսում ենք նոր պայմաններում և ուսումնական լավագույն միջավայրում»,- նշել է Ա. Միրզոյանը:
Ծրագրի արդյունքում դպրոցը ստացել է բնագիտական 4 լաբորատորիա` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների համար: Բակում տեղադրվել են վթարային աստիճանավանդակներ, ինչը պարտադիր քաղաքաշինական պահանջ է նոր կառուցվող ուսումնական հաստատությունների համար: Դպրոցն ունի հարմարեցված պայմաններ և միջավայր` համընդհանուր ներառականության համար. տեղադրվել է վերելակ, կառուցվել են թեքահարթակներ և հարմարեցված մուտք դեպի մարզադահլիճ` հատուկ կարիքով երեխաների համար:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...