Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը այց է իրականացրել հիմնանորոգված ՀՊՄՀ հենակետային վարժարանում

05.10.2021

Ուսուցչի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հիմնանորոգված հենակետային վարժարան՝ ծանոթանալու դպրոցի նոր պայմաններին և տոնի կապակցությամբ շնորհավորելու մանկավարժական համայնքին:
Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը, ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, պաշտոնատար այլ անձինք:
Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը հյուրերին ներկայացրել է հիմնանորոգված կրթօջախի դասասենյակները, նորաստեղծ լաբորատորիաներն ու հանդիսությունների սրահը:
Վարժարանի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2019 թ.-ից և ավարտին հասցվել 2021 թ. ամռանը: Սեյսմակայուն հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: Նշենք, որ դպրոցը հիմնանորոգելիս իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքներ: Կառուցվել են ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ, հարակից տարածքների բարեկարգում: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր: Հավելենք, որ ՀՊՄՀ հենակետային վարժարանը այն 107 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ բնագիտական առարկաների գծով (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) լաբորատորիաները արդեն իրականություն են:ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը շրջելով լաբորատորիաներում ընդգծել է՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված այս ենթակառուցվածքները մեծ դեր կունենան պատանիների մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում:
Դպրոցի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ հիմնանորոգված դպրոցում իրենք առավել ոգևորված են աշխատում՝ իրենց կոչմանը հավատարիմ:
Դպրոցում շրջայցից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել են նաև դպրոցի մանկավարժների հետ: Նախարարը տոնի կապակցությամբ շնորհավորել է ուսուցիչներին՝ մանկավարժական գործունեությունը որակելով որպես սուրբ գործ:
Նախարարը տեղեկացրել է. ամեն ինչ արվում է ներկա պայմաններում հնարավորինս բարելավելու ուսուցչի աշխատանքային պայմանները՝ ստեղծելով անհատական մոտեցմամբ տարբեր մեխանիզմներ:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...