Նորություններ

ԵՊԲՀ-ում Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտվել են

15.05.2018

2015 թվականի դեկտեմբերին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկել էր «Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն ծրագրի աշխատանքներն ամփոփվել են: Այս առիթով մայիսի 14-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները դրամաշնորհային ծրագրի համակարգող Արամ Բայկովի և նորաստեղծ կենտրոնի ղեկավար Մարգարիտա Խուդավերդյանի ուղեկցությամբ շրջեցին Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին: Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր՝ հագեցված հատուկ ծրագրային ապահովմամբ մոդելներով, ֆանտոմներով, սիմուլյատորներով, համակարգչային և հարակից տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ: Դրամաշնորհային ծրագրի համակարգող Արամ Բայկովի խոսքով Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել ատամնաբուժության բնագավառում:
«Կենտրոնը նպաստում է ստոմատոլոգիական բարձրագույն կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, որը բուհի ուսումնական գործընթացում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու բոլորովին նոր բարձրաձող է»,- նշեց Ա. Բայկովը:
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին ծրագրի սկզբում սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Ինչպես ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի համակարգողը, ծրագրի արդյունքում հատուկ առանձնացված տարածքում իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, բուհի կողմից իրականացվել են կրող պատերի ամրացման, տանիքի կառուցման և անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքները: Ձեռք են բերվել օդափոխման և անվտանգության համակարգեր: Իրականացվել են նաև կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները. ստեղծվել է հավելյալ մուտքի հնարավորություն, հարող տարածքը կառուցապատվել է մետաղական սյուներով և ժամանակակից տեսք ստացել: Ծրագրի արդյունքում կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, սիմուլյատորներով և շուրջ մեկուկես տարվա ծախսանյութերի պաշարով: Ստեղծված կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծումը: Նորաստեղծ կենտրոնի ղեկավար Մարգարիտա Խուդավերդյանի խոսքով՝ այսպիսի նորարարական հմտությունների ներմուծումը ստոմատոլոգիական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:
Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Լ. Գրիգորյանը ծրագրի համակարգող Ա. Բայկվի հետ քննարկեց անհրաժեշտ սարքավորումների պահպանման և ծախսանյութերի կիրառության հետ կապված մի շարք հարցեր:
Ա. Բայկովի խոսքով դրամաշնորհային ծրագրի արդյունքում բուհն իրականացրել է նաև աշխատաշուկայի ներկայիս պահանջներին համապատասխան <<Ստոմատոլոգիա>> մասնագիտության նորացված կրթական ծրագրի և ուսումնական պլանի մշակում, որի առարկայական նկարագրերը համապատասխանեցվել են նաև ՀՀ Որակավորման ազգային շրջանակին (ՈԱՇ): Իրականացվել է չորս մասնագիտական առարկաներից՝ մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում, կազմում և տպագրում: Տպագրված 5 ձեռնարկները, ի տարբերություն բուհում մինչ այս առկա հատվածային գրականության, լիարժեք ներառում և մեկտեղում են անհրաժեշտ մասնագիտական նյութը՝ միասնական մեթոդաբանության և պահանջների շրջանակում՝ հանդիսանալով կոլեկտիվ աշխատանքի արդյունք:
Խոսելով կենտրոնի հնարավորությունների մասին՝ Ա. Բայկովը նշեց, որ առաջատար փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու նպատակով կենտրոնում նախատեսվում է իրականացնել պայմանագրային հիմունքներով ապագա և գործող բժիշկների վերապատրաստման դասընթացներ միջազգային ճանաչում ունեցող փորձագետների կողմից, կազմակերպել մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ: Բացի այդ, ինչը պակաս կարևոր չէ, կենտրոնը թույլ կտա նաև հետագայում իրականացնել ստոմատոլոգիական ծառայություններ, ինչին էապես կարող է նպաստել նաև ծրագրային հավատարմագրման գործընթացը: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ բուհում դիտարկվում է ծրագրային հավատարմագրման հնարավորությունը՝ «Նման նյութատեխնիկական բազա ունենալու փաստը, ինչպես նաև անընդհատ և ինտեգրված ստոմատոլոգիական ծրագրի բովանդակային և կառուցվածքային առումով խորքայնորեն վերանայված առարկայական նկարագրերը լիարժեք նախապայմաններ են ստեղծում բուհի համար բարենպաստ արդյունք ակնկալելու ծրագրային հավատարմագրման գործընթացից»,- հավելեց Ա. Բայկովը: Նման քայլերը կարող են նպաստել ծրագրի շարունակականությանը, որը ստեղծված ենթակառուցվածքի առկայությամբ դառնում է ծրագրի հետագա արդյունավետության կարևոր պայման:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...