Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է կրթության մշակներին

01.09.2017

    Գիտելիքի օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Օրհնելով կրթության ոլորտի պատասխանատուներին և մշակներին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արարողության ավարտին նրանց հղել է իր հայրապետական պատգամը: «Հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում և շնորհավորում կրթության բնագավառի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի օրվա և 2017-2018 ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով: Ամառային հանգստյան օրերից հետո կրթական մեր հաստատությունները կրկին իրենց դռներն են բացում մատաղ սերնդի առջև, որպեսզի գիտելիք և իմացություն փոխանցեն և կրթեն նրանց միտքն ու հոգին: Գիտելիքն ու ուսումը միշտ էլ առաջնահերթություն են եղել մեր ժողովրդի համար, և շնորհիվ կրթօջախների՝ մեր կյանքի մնայուն ընկերակից են եղել գիրն ու գրականությունը, իմացության փափագն ու ձգտումը: Նվիրական ու վսեմ, բայց միաժամանակ մեծ ու դժվարին պարտականություն ունենք բոլորս, բայց ի մասնավորի՝ մանկավարժներն ու ուսուցիչները, վառ պահելու կրթության առաջնահերթությունը և հագեցնելու մեր մատաղ սերնդի ունեցած ծարավը ուսման և գիտության հանդեպ: Արդարև, կրթության մշակի ստանձնած պաշտոնը կոչում է, որ պահանջում է նվիրում, ոգի և պատասխանատվություն: Այս ըմբռնումով և զգացումով է մանկավարժի մատուցածը արժեք ստանում և կենսավորվում: Ուսուցիչը իր սաների համար դառնում է օրինակ իմացության, միաժամանակ` ազնվության, արդարության ու մարդկային ամեն բարձր արժանիքների: Ձեր ջանքերով կրթված ու պատրաստված սերունդն է, որ մեր օրերի արագափոփոխ զարգացումներում հոգևոր և մտավոր ներուժ և քաջություն կունենա ապահովելու մեր ժողովրդի ու պետականության շարունակականությունը և անընդմեջ զորացումն ու առաջընթացը»,-մասնավորապես նշել է ԱմենայնՀայոց Կաթողիկոսը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ արդեն մի քանի տարի կրթության ոլորտի ներկայացուցիչները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանում են Հայ առաքելական եկեղեցու օրհնությունը՝ ուսումնական ողջ տարվա ընթացքում իրենց գործունեությունն իրականացնելու համար: «Կրթության ոլորտի ներկայացուցիչների, մանկավարժների համար այս օրհհնության կարգը սիրված արարողություն է: ՄԵր առաջիկա կրթական բարեփոխումները հենց ուղղված են ուսուցչի դերարկատարության բարձրացմանը, որպեսզի նրանց համար ապահովենք աշխատելու և ապրելու ավելի լիարժեք և ապահով պայմաններ: Միայն այդ պարագայում մանկավարժները կարող են առանց կողմնակի հոգսերի իրականացնել իրենց առաքելությունը և գիտակցել դրա կարևորությունը»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ կրթության մշակների օրհնության ավանդույթի սկիզբը դրվել է 2010 թվականին:


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...