Նորություններ

ԵՊՀ-ն շարունակում է նորարարական ծրագրերի իրականացումը

08.06.2017

      Հունիսի 8-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկեց առաջին շրջափուլով իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Ներկաները ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Կարեն Թռչունյանի ուղեկցությամբ եղան ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող <<Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի>> ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Ծրագրի մեկնարկից մեկ ու կես տարի անց արդեն ամփոփվում է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը: Նշենք, որ կենտրոնի ստեղծումը կնպաստի ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիակացմանը, գարեջրի, կաթնամթերքի, գինու և այլ արտադրություններում նոր մանրէաբանական տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը, օրգանական թափոններից կենսավառելիքի ստացման նոր տեխնոլոգիայի մշակմանը: Ներկաներն ամրագրեցին, որ ձեռք բերված լաբորատոր սարքավորումներն ու քիմիական նյութերի մի մասն արդեն իսկ մատակարարվել են, տեղադրված են դրանց համար հատկացված վերանորոգված տարածքում: Հիշեցնենք, որ կենտրոնի հիմնադրումը, վերանորոգումն ու տեխնիկական զինումը ավարտվել է դրամաշնորհային ծրագրի նախորդ փուլերում: Ավարտվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները, իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, նորացված մագիստրոսական ծրագրի մշակում: Առաջիկայում նախատեսվում է այդ նորագույն մանրէաբանական սարքավորումների կիրառում մագիստրոսական ու ասպիրանտական գիտահետազոտական աշխատանքներում: Բուհն արդեն իսկ քննարկում է հնարավոր համագործակցության ծրագրեր տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ, առկա են նաև համագործակցության շուրջ նախնական համաձայնություններ, ինչպես օրինակ Բելգորոդի համալսարանի հետ: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները Կ.Թռչունյանի հետ համատեղ քննարկեցին դրամաշնորհային պայմանագրի մաս կազմող մոնիտորինգային պլանի ցուցիչների համապատասխանությունը իրականացված աշխատանքներին, ինչպես նաև անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների շահագործման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը ներկայացրեց նաև, կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցության ընթացքը: Այս համագործակցությունը նպաստում է որակյալ մասնագետների ներհոսքին դեպի արտադրություն: Կ. Թռչունյանը՝ կարևորելով համատեղ աշխատանքները, տեղեկացրեց, որ նախատեսվում է կոնսորցիումի գործընկերների հետ համատեղ լաբորատոր ձեռնարկի մշակում և հրատարակում: Հավելենք, որ ԵՊՀ-ում <<Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի>> ստեղծումը թույլ կտա ոչ միայն բարձր մակարդակով իրականացնել մագիստրոսական ու ասպիրանտական գիտահետազոտական աշխատանքներ, այլև կնպաստի ձեռնարկատիրական գործունեություն ծավալմանը: 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...