Նորություններ
Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ԵՊԲՀ
15.03.2019
Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան: ՀԲ պատվիրակության անդամներն այցելեցին ԵՊԲՀ-ում գործող Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն:
<<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը>> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը, եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով: Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով և շարժասարքերով: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր՝ հագեցված հատուկ ծրագրային ապահովմամբ մոդելներով, ֆանտոմներով, սիմուլյատորներով, համակարգչային և հարակից տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ:Այցի ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Ա. Մուրադյանը փաստեց, որ սիմուլյացիոն ուսուցումը հնարավորություն է տալիս բարելավել ուսանողների գործնական հմտությունները և նվազեցնել սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում:
Հավելենք, որ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ ստոմատոլոգիայի բնագավառում միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ մասնագետների պատրաստումը: Կենտրոնի ստեղծման պատմությունը և այլ մանրամասներ հասանելի են Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի նախկին հրապարակումներում:





