Նորություններ
Ամփոփիչ մշտադիտարկում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
04.04.2018
2018 թվականի մարտին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի հավելյալ շրջափուլի շրջանակներում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ԵՊԿ) ավարտեց 2017-ի հունվարին մեկնարկած նորարարական ծրագրի իրականացումը: Այս առիթով ապրիլի 3-ին մշտադիտարկման ամփոփիչ այց իրականացվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ <<Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա>> դրամաշնորհային ծրագրի ավարտն ամրագրելու նպատակով: Դրամաշնորհային ծրագրի համակարգող, ԵՊԿ-ի Որակի ներքին ապահովման բաժնի ղեկավար Նարինե Ավետիսյանը խոսեց կատարված աշխատանքի մասին, ներդրումների, ինչպես նաև ծրագրից ակնկալվող արդյունքների և հետագա նպատակների մասին։ Ներկաները եղան նորաստեղծ Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիայում, ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնված լաբորատորիայի ստեղծման աշխատանքներին: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը փաստեց, որ երաժշտական ինովացիոն լաբորատորիայի առկայությունը կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացմանը: Ն. Ավետիսյանը խոսեց ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների մասին: Նա նշեց, որ երաժշտական ինովացիոն լաբորատորիայի հիմնադրման ընթացքը սկսվել է տարածքի վերանորոգման աշխատանքներից: Մասնավորապես, իրականացվել են լաբորատորիայի տարածքում փոփոխական ակուստիկ պանելների տեղադրման և համակարգող սենյակի ձայնամեկուսացման աշխատանքներ: Ձեռք բերված անհրաժեշտ կահույքը և համակարգչային սարքավորումները տեղադրված են, համապատասխան մասնագիտական համակարգչային ծրագրերը՝ փորձարկված: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները, շրջայցի արդյունքում ամրագրեցին, որ ձեռք բերված լարային ու ստեղնաշարահարվածային գործիքներն ու անհրաժեշտ այլ երաժշտական սարքավորումները նույնպես տեղադրված են նորաստեղծ լաբորատորիայում: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ մի շարք քայլեր են ձեռնարկված նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ. մասնավորապես, իրականացվել է <<Երաժշտական կատարողական արվեստ>> մագիստրոսական կրթական ծրագրի վերամշակում և արդիականացում, այս ծրագիրը ներդրվելու է նոր ուսումնական տարում: Ամփոփվում է <<Ստեղծագործություն>> (կոմպոզիցիա) մասնագիտության նոր առարկայական ծրագրերի մշակման գործընթացը: <<Այս ինովացիոն ակուստիկ լաբորատորիան բուհի ուսանողների համար կիրառական կարողություններ և պրակտիկ հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից բացի, նաև երաժշտագետների համար բացելու է գիտահետազոտական ուսումնասիրությունների նոր դաշտ>>,-նշեց դրամաշնորհային ծրագրի համակարգողը: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին ԵՊԿ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Ս. Էլբակյանը ծրագրի համակարգողի հետ համատեղ քննարկեց ձեռք բերված երաժշտական սարքավորումների գործարկման հետ կապված մի շարք հարցեր:
<<Մենք համոզված ենք, որ դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծված այս ենթակառուցվածքն էլ ավելի կընդլայնի բուհում ձևավորված ստեղծագործ մթնոլորտը, իսկ կատարված աշխատանքի արդյունավետության հետագա ցուցանիշները պետք է լինեն ստեղծված հնարավորությունների կիրառումն ու դրանցում երիտասարդ մասնագետների մասնակցության խթանումը>>,-հավելեց դրամաշնորհային ծրագրի համակարգողը: