Նորություններ

ԵՊՀ-ում մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտվել են

22.12.2017

2015 թվականի դեկտեմբերին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկել էր «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն ծրագրի աշխատանքներն ամփոփման փուլում են: Այս առիթով դեկտեմբերի 21-ին ՀՀ ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի և դրամաշնորհային ծրագրի համակարգող Կարեն Թռչունյանի ուղեկցությամբ եղան <<Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում>>, շրջեցին լաբորատորիայում, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի սկզբում սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում:
Ինչպես ներկայացրեց կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը, ծրագրի արդյունքում բուհի կողմից հատուկ առանձնացված տարածքում իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, գերժամանակակից նորագույն սարքավորումներով (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ և այլն), ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգով: Ստեղծված կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծումը: Կ. Թռչունյանի խոսքով կատարվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներ: Մանրէաբանական մագիստրոսական ծրագրերի մշակման և ներդրման ընթացքում միջազգային հաջողված փորձի հաշվի առնման նպատակով իրականացվել են մի շարք այցեր եվրոպական և ամերիկյան հեղինակավոր բուհեր և կենտրոններ, որոնցից վերջինը ուսումնական այցն էր ԱՄՆ Բերկլիի համալսարան, Միացյալ կենսաէներգիայի ինստիտուտ և Սանդիայի ազգային լաբորատորիաներ: Նաև այս փորձի հաշվի առնմամբ, մշակվել է միջազգային չափանիշներին համապատասխան, նորացված մագիստրոսական ծրագիր: Ծրագրի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է հիմնվել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի կոնսորցիումի մասնակիցների միջև, որոնք են՝ Երևանի գարեջուր գործարանը, Չանախ ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը: Ծրագրի շրջանակներում իրականացվել է նորագույն մանրէաբանական սարքավորումների կիրառում մագիստրոսական ու ասպիրանտական գիտահետազոտական աշխատանքներում:
ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի խոսքով կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է՝ հիմք ընդունելով կրթության կազմակերպման և գիտական հետազոտությունների իրականացման միջազգային արդիական փորձն ու մոտեցումները:
Կենտրոնի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ բարելավել կրթական, գիտահետազոտական և նորարարական գաղափարները մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել մանրաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում:

Բացի այդ, ինչը պակաս կարևոր չէ, <<Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը>> թույլ կտա նաևծավալել ձեռնարկատիրական գործունեություն, ինչին էապես կարևող է նպաստել նաև կենտրոնի հավատարմագրման գործընթացը:
Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Լ. Սահակյանը ծրագրի համակարգող Կ.Թռչունյանի հետ քննարկեց անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների շահագործման, պահպանման և քիմիական նյութերի կիրառության հետ կապված մի շարք հարցեր:
Նշենք, որ կենտրոնի աշխատանքներին արդեն իսկ հասցրել են ծանոթանալ ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, դասախոսներ, ինչպես նաև տարբեր դպրոցների աշակերտներ: Սույն թվականի սեպտեմբերից իրականացվում են նաև «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրով նախատեսված որոշ դասընթացներ, որոնք կազմվել են և ներդրվել ծրագրի շրջանակներում: Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ ընթացքում է մագիստրոսական ծրագրի ներդրումը, որը կգործի հաջորդ ուսումնական տարվանից: Խոսելով կենտրոնի հնարավորությունների մասին Կ. Թռչունյանը նշեց ՝<<մենք բավականին լուրջ նախադրյալներ ունենք ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու համար: Բուհն արդեն իսկ քննարկում է հնարավոր համագործակցության ծրագրեր տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ>>:Համագործակցության այդ ծրագրերին անդրադարձը հասանելի է նաև Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի նախորդ հրապարակումներում:
Դրամաշնորհային ծրագրի համակարգողը խոսեց նաև կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցության մասին, փաստելով, որ նման համագործակցությունը նպաստում է որակյալ մասնագետների ներհոսքին դեպի արտադրություն: Մասնավորապես, կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցություն է ծավալվել արտադրական թափոնների օտգագործման, կենսաջրածնի ստացման նոր տեխնոլոգիաների փորձարկման ուղղություններով: Բուհի ներկայացուցիչները փաստեցին կենսաբանության ֆակուլտետի նկատմամբ հետաքրքրության աճը թե տեղական, թե արտերկրի գործընկերների և շահառուների կողմից: Այդ հետաքրքրությունը ամրապնդելու և կոնկրետ ծրագրերի վերածելու ուղղություններից մեկն էլ ստեղծված կենտրոնում և եղած ենթակառուցվածքների ու բովանդակության օգտագործմամբ օտար լեզվով ուսուցման հնարավորությունների նախաձեռնումն է: Այս քայլերը կարող են նպաստել ծրագրի շարունակականությանը, որը ստեղծված ենթակառուցվածքի առկայությամբ դառնում է ծրագրի հետագա արդյունավետության կարևոր պայման:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...