Նորություններ

Կենսաբանության ֆակուլտետն ընդլայնում է միջազգային կապերը

07.11.2017

Հոկտեմբերի 18-19-ը ԵՊՀ այցելեցին Գրոնինգենի կիրառական գիտությունների Հենզի համալսարանի (Նիդերլանդներ) պատվիրության անդամները: Երկօրյա այցելության շրջանակում պատվիրակության անդամներին նախ ընդունեց Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը, որից հետո արտասահմանցի գործընկերները հանդիպեցին ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանի հետ: Էմիլ Գևորգյանը հակիրճ ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, կրթական համակարգը, ֆակուլտետի կառուցվածքն ու զարգացման միտումները:
Այնուհետև հյուրերն այցելեցին Կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, շրջեցին լաբորատորիայում, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին: Կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը և կենտրոնի աշխատակիցները ներկայացրին նորարարական կենտրոնում ու Մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում իրականացվող գիտահետազոտական ծրագրերն ու գրանցված արդյունքները: «Ես տպավորված եմ Երևանի պետական համալսարանի, մասնավորապես Մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի  հնարավորություններով և իրականացրած աշխատանքներով: Կարծում եմ՝ մենք բավականին լուրջ նախադրյալներ ունենք ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, փոխանակման ծրագրեր և, ինչու ոչ, նաև կրկնակի դիպլոմով կրթական ծրագրեր մշակելու և իրագործելու համար»,- նշեց Հենզի համալսարանի բնական գիտությունների և տեխնոլոգիայի դպրոցի ղեկավար Վիկտորին Գրաֆ-Փեթերսը: Վիկտորին Գրաֆ-Փեթերսը շեշտեց նաև, որ հետաքրքրություն կա նաև Կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի աշխատանքների հանդեպ, ուստի փոխգործակցությունը կընդգրկի նաև այդ ոլորտը:  Պատվիրակության անդամներին ընդունեց նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:  Հանդիպման ընթացքում պրոռեկտորը խոսեց բուհի գիտական քաղաքականության առանձնահատկությունների մասին, իսկ Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն անդրադարձավ միջազգային քաղաքականությանը, իրականացվող ծրագրերին և արտասահմանյան բուհերի հետ փոխգործակցություններին: Քննարկումներից հետո բուհերի միջև համագործակցության հուշագիր կնքվեց: «Հենզի համալսարանը գիտության և արդյունաբերության արդյունավետ համադրման մեծ փորձ ունի, ուստի մենք հուսով ենք, որ համատեղ իրականացվող ծրագրերը դրական ազդեցություն կունենան նաև պետհամալսարանի համապատասխան ճյուղերի զարգացման ու նորարարությունների ներդրման գործընթացում»,- ընդգծեց Արմեն Թռչունյանը և հավելեց, որ կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը կյանքի կոչվի և դրական արդյունքներ տա: Երկօրյա այցի շրջանակում Նիդերլանդներից ժամանած հյուրերը հանդիպեցին նաև ուսանողների հետ, Կենսաբանության ֆակուլտետի ու մասնավորապես Մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ղեկավարության հետ քննարկեցին համագործակցության ոլորտներն ու հեռանկարները, ինչպես նաև այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, Երևանի պատմամշակութային վայրեր և գիտահետազոտական մի շարք հաստատություններ:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...