Նորություններ
Նոր նախակրթարաններ` ՀՀ մարզերում
10.09.2025

Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 15 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում: Վերոնշյալ դպրոցը 20 կրթօջախներից մեկն է որտեղ այս տարի իրականացվում են նախադպրոցական միկրոծրագրեր:
Հաջորդը Կոտայքի մարզի մարմարիկի միջնակարգ դպրոցն է, որտեղ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ստեղծված նախակրթարանը իր դռները բացեց սիրելի սաների առաջ: Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում են անցկացնելու իրենց առօրյան նորաստեղծ նախակրթարանների սաները: Դաստիարակները և համայնքի բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում: Հիշեցնենք, որ նախակրթարանների հիմնման նպատակով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ. հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ թվով 3 դպրոցներում կառուցվել են նաև խաղահրապարակներ: Ապա՝ նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Իրականացվել է դաստիարակների վերապատրաստում: Հավելենք, որ նախակրթարանների ստեղծման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` նորաստեղծ նախակրթարաններն ունեն հարմարեցված միջավայր: Նոր ուսումնական տարին սկսում են նորաբաց նախակրթարանով նաև Մայրաքաղաքի թվով 11 հիմնական դպրոցներում: