Նորություններ

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում տեղի ունեցավ «Կանանց ներգրավվածությունը գիտության մեջ» պանելային քննարկումը

05.12.2024

Դեկտեմբեր 2-ին ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում անցկացվեց «Կանանց ներգրավվածությունը գիտության մեջ» խորագրով պանելային քննարկումը, որի նպատակն էր խրախուսել իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը ԲՏՃՄ (STEM) ոլորտում:Նշենք , որ այս կարևորագույն միջոցառումը ևս Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի նպատակների համատեքստում է:
Քննարկմանը որպես բանախոսներ մասնակցում էին ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նաիրա Չիչոյանը, ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտաշխատող Արտեմ Գրիգորյանը, ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի դասախոս, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտաշխատող Կատարինե Ֆերեշետյանը, ԵՊԲՀ շրջանավարտ, Բեռնի համալսարանի հետազոտող Լիանա Հայրապետյանը: Միջոցառման հատուկ հյուրն էր Վարշավայի մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի միջազգային խորհրդատվական մարմնի անդամ, պրոֆեսոր Յասեկ Յավորսկին:
Բանախոսները հանդես եկան խորհուրդներով և գործնական առաջարկներով գիտության մեջ կանանց հանդիպող դժվարությունները հաղթահարելու ուղիների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրին կանանց և տղամարդկանց ընդգրկվածության վերաբերյալ վիճակագրությունը Հայաստանում և արտերկրում: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց այն հարցին, թե ինչպես կարող է հետաքրքրասիրությունը դառնալ գիտության հանդեպ սիրո շարժիչ ուժ։ Առավել ազդեցիկ էր բանախոսներից յուրաքանչյուրի խոսքը սեփական ուսուցիչների ու մենթորների վերաբերյալ, որտեղ ընդգծվում էր վերջիններիս ազդեցությունն ու դերակատարումը իրենց ապագա կարիերայի ձևավորման գործում:
Քննարկվեցին կանանց առջև ծառացող մարտահրավերները՝ կապված մի շարք հայտնի կարծրատիպերի հետ։ Պրոֆեսոր Յասեկ Յավորսկին նշեց, որ խնդիրը թվացյալ պարզ, բայց իրականում խորքային է: Նա նշեց, որ թեև իր երկրում՝ Լեհաստանում, աշխատավայրի ցածր և միջին օղակներում կին-տղամարդ ընդգրկվածության թվաքանակը սկսել է հավասարվել, միևնույնն է առաջատար գիտական և ղեկավար պաշտոններում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները:
Կիսելով գործընկերոջ կարծիքը՝ պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը հավելեց, որ նշված հանգամանքը պայմանավորված է ոչ այնքան արտաքին գործոններով և խտրականությամբ, այլ այն պարզ ճշմարտությամբ, որ տղամարդիկ և կանայք տարբեր են իրենց էությամբ, ֆիզիկական ու կենսաբանական բնույթով, ուղեղի նեյրոքիմիայով, ինչն էլ հավանաբար նրանց դարձնում է յուրօրինակ ու գրավիչ միմյանց համար:
Արտեմ Գրիգորյանը առանձնացրեց ևս մեկ կարևոր գործոն՝ սեռերի հավասարության համար առաջնահերթ պայման է հավասար իրավունքների ապահովումը:
Անդրադառնալով գիտության ոլորտում կանանց հանդիպող խնդիրներին՝ Կատարինե Ֆերեշետյանն ընդգծեց թիմերի և ղեկավարների աջակցության կարևորությունը։ Նա հավելեց, որ քաջ գիտակցելով ոլորտում առկա խնդիրները՝ կարող է արձանագրել, որ անձամբ իր համար սեռով պայմանավորված խոչընդոտներ չեն եղել:
ԵՊԲՀ շրջանավարտ Լիանա Հայրապետյանը կիսվեց խնդրի հաղթահարման իր տեսլականով՝ նշելով, որ ցանկացած գործոնով, այդ թվում՝ սեռով, պայմանավորված խտրականության դրսևորումների դեմ կարելի է պայքարել՝ շարունակաբար ուսումնասիրելով, բացահայտելով և ընդունելով շրջապատող աշխարհը:
Քննարկման ավարտին պրոֆեսոր Նաիրա Չիչոյանը խորհուրդ տվեց կին գիտնականներին երբեք չհանձնվել ու չհրաժարվել սեփական երազանքներից, փոխարենը՝ միշտ շարժվել առաջ՝ փնտրելով այնպիսի միջավայր, որտեղ գնահատվում են յուրաքանչյուրի ջանքերը և արվում է առավելագույնը հաջողության հասնելու համար:
Բանախոսներն ընդգծեցին աշխատավայրում կանանց աջակցող քաղաքականությունների կարևորությունը, որոնք կնպաստեն աշխատանք - անձնական կյանք հավասարակշռության պահպանմանը և կստեղծեն հավասար հնարավորություններ բոլորի համար:
Միջոցառումը դարձավ համակողմանի զրույցների հարթակ՝ ոգեշնչելով մասնակիցներին բացահայտելու իրենց ամբողջական ներուժը:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...