Նորություններ

ՀԲ-ի ներկայացուցիչների այցը ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն

11.12.2023

2023թ․ դեկտեմբերի 7-ին Համաշխարհային բանկի թիմը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում (2019-2021թթ) Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հիմնված «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն։ Այցին մասնակցում էին Համաշխարհային Բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար՝ Ռիտա Ալմեյդան, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար՝ Ահմետ Լեվենտ Եները, ՀԲ Հարավային Կովկասի կրթության փորձագետ՝ Աննա Բերձենաձեն, ՀԲ Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու՝ Նարինե Թադևոսյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու՝ Հասմիկ Սողոմոնյանը, ինչպես նաև «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Արմինե Մինասյանը: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի ղեկավար, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի ուղեկցությամբ այցի մասնակիցները շրջեցին կենտրոնով, ծանոթացան կենտրոնի հնարավորություններին, լաբորատոր հագեցվածությանը և գիտական սարքավորումներին` ըստ իրենց կիրառական նշանակության։
«ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կ․ Ենկոյանը ներկայացրեց կենտրոնի գործունեության ուղղությունները։ Նա նշեց, որ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի հիմնական նպատակն է նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին, նա նաև նշեց, որ կենտրոնը միջազգայնորեն մրցունակ առաջադեմ հետազոտական միջավայր է, որտեղ իրականացվում է ուղեղի առողջ կենսագործունեությանը միտված գիտակրթական գործունեություն:
Նշենք, որ շրջայցի ընթացքում կենտրոնի նեյրոգիտության լաբորատորիայի ավագ գիտաշխատողը, երիտասարդ հետազոտողների և ուսանողների աջակցությամբ իրականացնում էին երկու տարբեր հետազոտություններ։ Առաջին դեպքում առնետների գլխուղեղի կառույցներից մեկում՝ հիպոկամպի բջիջներում, հետազոտողների կողմից ստուգվում էր օքսիդատիվ սթրեսի դերը Աուտիզմի զարգացման պաթոգենեզում:
Մյուս հետազոտությունն, ըստ հետազոտողների ներկայացման, ուներ առավելապես կիրառական նշանակություն և ուղղված էր լյարդի ախտահարման դեպքում տարբեր տեսակի ցողունային բջիջների թերապևտիկ էֆեկտի ուսումնասիրությանը:
«ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կ. Ենկոյանը անդրադարձավ կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված ծավալուն աշխատանքներին, հետագա անելիքներին և կենտրոնի նպատակներին, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո ծրագրի կայունության և շարունակականության ուղղությամբ կատարված աշխատանքներին։
ԵՊԲՀ-ի պրոռեկտորը նշեց նաև, որ բուհը դրամաշնորհ է ստացել նաև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլի շրջանակներում։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները, հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը՝ համալրելով այն զգայական ներգրավվածությամբ:
ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ բավականին տպավորված են դրամաշնորհային ծրագրի արդյունքներով, շնորհակալություն հայտնեցին ԵՊԲՀ-ի պրոռեկտոր պրոֆեսոր Կ. Ենկոյանին և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար:
Մեկ անգամ ևս շեշտադրվեց ՆՄՀ-ի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների կարևորությունը, քանզի դրանք ուղղվում են բուհերում նորարարական և զարգացման ծրագրերի իրականացմանը՝ նպաստելով կրթության արդիականության, համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...