Նորություններ

Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրենը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը

08.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:
Վարչապետը նախ անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խնդրին, այնուհետև կապիտալ ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության քայլերին: «Կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ և կառավարությունների ամենամեծ մարտահրավերն այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն է և քաղաքականություն վարելը: Ըստ էության, կառավարության աշխատանքը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության: Գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Ո՞րն է այն գործիքը, որով կառավարությունը կարող է խթանել աշխատատեղերի ստեղծումը, դա մեր պատկերացմամբ առաջնային իմաստով կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է և կապիտալ ծախսերի ծավալների հնարավոր մեծացումը»,- նշել է վարչապետը:
Վարչապետը հիշեցրել է, որ կոնկրետ ուղղություններով կապիտալ ծախսերի խթանման պատասխանատուներ են նախարարները, գերատեսչությունների ղեկավարները: «Կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի ու ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում, որովհետև, ըստ էության, այս նոր պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսերի չկատարման ամեն տոկոս վերաբերում է կոնկրետ մարդկանց, ընտանիքների, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում»,- ասել է վարչապետը:

Նշելով, որ քննարկման առարկա է նաև վարկային ծրագրերի կատարման ընթացքը՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կան մոտ 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և սպասում են իրենց ծախսմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ ծախսերը լինեն արդյունավետ ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական առումով, որպեսզի այս ծախսերի խթանման միջոցով հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր:
Այնուհետև պատասխանատուներն ըստ ոլորտների անդրադարձել են վերը նշված ծրագրերի իրականացման ընթացքին: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը ներկայացրել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով նախորդ տարվանից սկսած արդեն իսկ իրականացվել են ծախսերի 75-80 տոկոսը, որով ընթացքի մեջ են մի շարք ավագ դպրոցների վերանորոգման և նոր գույքով համալրման աշխատանքները: Նույն ծրագրով ընթացքի մեջ են ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկայի, քիմիայի, և կենսաբանության լաբորատորիաների հիմնման աշխատանքները: Այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր համայնքներում 22 մոդուլային դպրոցների կառուցման ծրագրին, մարզային ուսումնական հաստատություններում հեռավար կրթության գործիքի շարունակական ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Պատասխանատուները ներկայացրել են այլ ուղղություններով կապիտալ ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ մարզադահլիճների և այլ ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է վերը նշված ծրագրերով շինաշխատանքների հետ կապված մրցույթները հայտարարել հնարավորինս սեղմ ժամկետներում և ապահովել դրանց որակյալ իրականացումը սահմանված ժամկետներում:

 

Նորություններ

29.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում բուհերում ստեղծվել են թվով 5 նորարական գերազանցության կենտրոններ և լաբորատորիաներ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը: ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է... 23.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների... 15.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ...