Նորություններ
«Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ
15.06.2026
«Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ մարզերում, որը շարունակական բնույթ է կրել, իրականացվել է նաև տեղեկատվության հավաքագրման և կարիքների գնահատման աշխատանքներ` բացահայտելու այն համայնքները, որոնք անկարող են ապահովել համաֆինանսավորում ծրագրում և հետևաբար կարիք ունեն ամբողջական ֆինանսավորման:
Այս գործընթացի և հավաքագրված տեղեկատվության վերլուծության արդյունքում իրականացվել են նաև իրազեկման գործողությունների կազմակերպման աշխատանքներ համայնքի ղեկավարների, ծնողների և շահագրգիռ կողմերի համար ներկայացնելու երեխաների, այդ թվում նաև հատուկ կարիք ունեցող երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորություններն ու առավելությունները, ինչպես նաև միկրոծրագրերի իրականացման ընթացակարգերը:
Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրականացված միկրոծրագրի արդյունքում դպրոցներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ. դռների ու պատուհանների տեղադրում, իրականացվել է սալիկապատում, պատերի հարդարման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Ապա՝ նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով Սաների համար նախակրթարաններն ապահովված են գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով։ Հարկ է նշել, որ նախապես իրականացվել է նաև դպրոցի տնօրենների և նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր:
Այսպիսով՝ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել է մատչելի և կայուն նախադպրոցական կրթական ծառայությունների ստեղծում ընտրված 85 համայնքներում` մասնավորապես Երևանում 20, Արմավիրի մարզում 12, Արագածոտնի մարզում 14, Արարատի մարզում 4, Կոտայքում 9, Գեղարքունիքի մարզում 10, Շիրակում 10, Լոռու մարզում 2, Տավուշում 1, Վայոց ձորի մարզում` 3 նախակրթարաններ: Ենթաբաղադրիչի շրջանակում նախադպրոցական հաստատությունների հարակից տարածքներում ստեղծվել են նաև թվով 25 խաղահրապարակներ: Ենթաբաղադրիչի շրջանակում իրականացվել է թվով 85 դպրոցի տնօրենների և թվով 172 դաստիարակների վերապատրաստում: