Նորություններ
Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով
04.12.2025
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Դեկտեմբերի 2–4-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրերի կնքում ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդի միջնակարգ դպրոցի, Հացավանի Հ. Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցի, ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշենի Ա. Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցի, Լեռնարոտի Գ. Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցի, Օրգովի Ա. Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի և Սադունցի Ա. Մուրադովի անվան հիմնական դպրոցի հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու խնդիրները, անդրադարձավ գնումների ընթացակարգերին, մասնավորապես` գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցները մանրամասն ներկայացրին և պարզաբանեցին ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: