Նորություններ
ՀՀ մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները
28.07.2025
‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հուլիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել Երևան քաղաքի և Արարատի, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը կրթական հաստատություններում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում պայմանագրերի կնքմանը հաջորդել էր վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Աշխատանքային այցերի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձանագրեց, որ նախակրթարանների հիմնման համար ընտրված տարածքներում իրականացվել են նախահաշվով նախատեսված աշխատանքները: Դռները և պատուհանները տեղադրված են, կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ: Կառուցվել է հատակի ցեմենտ-ավազե նախաշերտը, ընթանում են սալիկապատման աշխատանքները: Խոսելով վերոնշյալ մարզերում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ Վռամ Բոյաջյանը փաստեց, որ վերանորոգման աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան: Նշենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատություններում առաջիկայում կմեկնարկեն կահույքի, գրենական պիտույքների, ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանները կսկսեն գործել սեպտեմբերի 1-ից :







