Նորություններ
Ամփոփիչ մշտադիտարկում ՀՊՄՀ-ում
11.06.2025
«Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում շարունակվում է ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը՝ ՆՄՀ դրամաշնորհառու բուհերում: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ): Մշտադիտարկման խմբի ներկայացուցիչները ծանոթացան ՆՄՀ-իշրջանակներում հիմնվող ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքներին:
ԲՏՃՄ ոլորտում սովորող ապագա մանկավարժների և գործող ուսուցիչների ուսուցչամեթոդական, հետազոտական և ստեղծագործական հմտությունների զարգացմանը միտված նյութատեխնիկապես վերազինված ժամանակակից գերազանցության այս կենտրոնը, ներառում է ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության, տեխնոլոգիայի (ճարտարագիտություն և մաթեմատիկաներառյալ), ինֆորմատիկայի լաբորատորիաները, գիտական միջոցառումների և վերապատրաստման ժամանակակից սրահը, մասնագիտական կողմնորոշման և նախնական փորձառության ձևավորման լսարանը: Գերազանցության կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն: Մշտադիտարկման ընթացքում ներկաները եղան կենտրոնի համար նախատեսված տարածքում և ամրագրեցին, որ ամփոփվել է լաբորատոր սարքավորումների ձեռքբերման գործընթացը և լաբորատոր սարքավորումները, պարագաներն ու նյութերը տեղակայված էին համապատասխան տարածքներում: Այցի ընթացքում ֆիզիկայի ուղղությամբ ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն տրամադրող խորհրդատու Արամ Պապոյանը բուհի ներկայացուցիչների հետ դիտարկեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված ֆիզիկայի ուղղությամբ լաբորատոր սարքավորումներն ու պարագաները, դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրերին, քննարկեց լաբորատոր սարքավորումների հնարավորությունները: Հիշեցնենք, որ քիմիայի, աշխարհագրության ու կենսաբանության ուղղությամբ լաբորատոր սարքավորումներն ու պարագաները, ինչպես նաևհամակարգչային տեխնիկան դիտարկվել էին դրամաշնորհային ծրագրի նախորդ փուլերում համապատասխան մասնագետների կողմից:
Ծրագրի ղեկավարը հավաստիացրեց, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկելև ավարտման փուլում են նաև ծրագրի շրջանակներում նախատեսված գերազանցության կենտրոնի ուսումնական մասի բովանդակության մշակումը՝ վերանայվում են ԲՏՃՄ ոլորտի մասնագիտությունների կրթական ծրագրերի հետազոտական բաղադրիչները և ուսումնական պլանները:
‹‹Այս կենտրոնը կդառնա ռեսուրս կենտրոն ոչ միայն ուսանողների կրթության, այլև ուսուցիչների վերապատրաստման համար, ինչը նկատելի փոփոխություններ կբերի բնագիտական առարկաների դասավանդման գործում››,-ամփոփեց հանդիպումը դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մ. Հարությունյանը։
Նշենք, որ առաջիկայում բուհը նախատեսում է կազմակերպել «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում, ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողով, որին կհաջորդի մասնագիտական մի շարք ուղղություններով վարպետաց դասեր։







