Նորություններ
ԵՊՀ-ում բացվեց Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն
03.06.2025
ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի նորաստեղծ կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ԵՊՀ ղեկավարությունը, ինստիտուտի և կենտրոնի աշխատակիցները։ Այցի ընթացքում վարչապետը շրջեց համալսարանի մի շարք առաջատար գիտական լաբորատորիաներով՝ ծանոթանալով իրականացվող հետազոտություններին, տեխնոլոգիական հնարավորություններին և ստեղծված ենթակառուցվածքներին։
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի նորաստեղծ կենտրոնը նպատակ ունի դառնալու գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական նորարարությունների խոշոր հարթակ՝ միավորելով ժամանակակից լաբորատոր պայմանները, առաջատար գիտնականներին և ուսանողներին։ Նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծում» ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Այն արտացոլում է պետական մակարդակով գիտության զարգացմանը տրվող առաջնահերթությունը և համալսարանական միջավայրի հնարավորությունների շարունակական ընդլայնումը։ Մ. Ռաֆայելյանը խոսելով կենտրոնի հնարավորությունների մասին մանրամասն ներկայացրեց իր տեսակով եզակի Կոնֆոկալ ֆլուորեսցենտային մանրադիտակի հնարավորությունները՝ փաստելով, որ սարքի միջոցով արդեն կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր հետազոտություններ: Ծրագրի ղեկավարի հավաստմամբ, գիտաուսումնական կենտրոնը համալրված լինելով անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով արդեն իսկ նպաստում է կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը ԵՊՀ-ում։
Բացման արարողությունից հետո ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջեցին կենտրոնի լաբորատորիաներով, ծանոթացան դրանց տեխնիկական հնարավորություններին և իրականացվող հետազոտական ուղղություններին, որոնք ներառում են գերարագ օպտիկա, ֆոտոնիկա, արհեստական բանականություն, նանոտեխնոլոգիաներ և արդի այլ գիտաճյուղեր։
Շարունակելով շրջայցը՝ նրանք եղան նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում՝ ծանոթանալով լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներին։
Այցն ամփոփվեց ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ հանդիպմամբ, որին մասնակցում էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։ Վարչապետը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին։





