Նորություններ
Մշտադիտարկում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում
19.05.2025
Մայիսի 16-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգային այցերի համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ): Այցի նպատակը ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Բուհում աշխատանքային խմբին ընդունեցին ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնի որակի կառավարման բաժնի վարիչ Արա Ամիրյանը և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը:
Մոնիտորինգային աշխատանքնային խումբը բուհի ներկայացուցիչների հետ քննարկեց դրամաշնորհային ծրագրի իրականցման ընթացքը, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրի հետագա սահուն ընթացքի ապահովման և ծրագիրը նախատեսված ժամանակահատվածում ավարտելուն առնչվող հարցեր: Հավելենք , որ ծրագրի ավարտը նախատեսվում է սույն թվականի հոկտեմբերին: ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարը հավաստիացրեց, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվող կենտրոնը կնպաստի Ագրարային ճարտարագիտության ոլորտի կրթության արդիականացմանը ու հնարավորություն կտա բուհին այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ կադրեր պատրաստել: Մշտադիտարկման թիմը դրանաշնորհային ծրագրի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց կենտրոնի ճարտարագիտական լաբորատորիաներում, աշխատասենյակներում ու լսարաններում: Նշենք, որ տարածքի վերնորոգումը, կահավորումը և համակարգչային սարքավորումների ձեռքբերումը իրականացվել էին դրամաշնորհային ծրագրի նախորդ փուլերում։ Դրամաշնորհային ծրագրի այս փուլում ձեռք էր բերվել լաբորատոր սարքավորումների, ռոբոտների առաջին խմբաքանակը, որը տեղակայված էր համապատասխան տարածքներում: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող խորհրդատու Արման Բարսեղյանը բուհի ներկայացուցիչների հետ դիտարկեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված սարքավորումներն ու ռոբոտները, դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմանված տեխնիկական հատկորոշիչներին, քննարկեց լաբորատոր սարքավորումների հնարավորությունները: Արձանագրվեց, որ մեկնարկել է կենտրոնի համար լաբորատոր սարքավորումների/ռոբոտների երկրորդ խմբաքանակի ձեռքբերման գործընթացը և ընթացքում է դրանց գնման գործընթացը: Դրամաշնորհային ծրագրի համակարգող Արման Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրի շրջանակում ձեռքբերված սարքերի և ռոբոտների առկայությամբ պայմանավորված վերանայվել են մասնագիտական կրթական ծրագրերը և ծրագրի արդյունքում Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում ներդրվում է «Ռոբոտաշինություն եւ մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագիրը:











