Նորություններ
Աշխատանքային այցեր ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
19.03.2025
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում 2025 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները կվերազինվեն բնագիտական և ինժեներական լաբորատորիաներով: Այդ համատեքստում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը վերոնշյալ մարզերում մեկնարկել է բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու նախնական պայմանների ուսումնասիրության, ինչպես նաև դպրոցների ընդհանուր վիճակի վերաբերյալ վերլուծության գործընթացը: Գործընթացի շրջանակում ենթաբաղադրիչի ղեկավար Մ. Մելիք-Բախշյանը, մարտի 12-ին և 13-ին շրջայցեր է իրականացրել ՀՀ վայոց ձորի և Սյունիքի մարզերի կրթական հաստատություններում, որտեղ իրականացրել է տարածքի ուսումնասիրություն` հիմնական ենթակառուցվածքների առկայությունը դիտարկելու նպատակով: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչը հանդիպել է մարզային կրթության բաժինների պատասխանատուների և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ, մարզային դպրոցների տնօրենների հետ խոսել է ծրագրի կարևորության և անհրաժեշտության մասին, ներկայացրել նախատեսվող աշխատանքներն ու ծրագրի իրականացման ընթացքը: Հավելենք, որ նախնական պայմանների ուսումնասիրությանը հաջորդելու է կարիքների գնահատման գործընթացը վերոնշյալ ուսումնական հաստատություններում:
Նշենք, որ ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը նպատակաուղղված է բարելավելու հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանները՝ շուրջ 200 հանրակրթական դպրոցներին տրամադրելով բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներ, պարագաներ/աքսեսուարներ և կահույք: