Նորություններ
Փարաքարում կայացել է նորակառույց միջնակարգ դպրոցի բացումը
03.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ներկա են եղել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել են իրականացված աշխատանքներին և ուսուցման գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:Հյուրերը ծանոթացել են նաև ԲՏՃՄ լաբորատորիաներում ստեղծված պայմաններին: Նախարարը նաև զրուցել է սովորողների և ուսուցիչների հետ ու հետաքրքրվել, թե որքանով են նոր լաբորատորիաները նպաստել սովորողների մոտիվացմանը և բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների հանդեպ հետաքրքրության ավելացմանը:
Նշենք , որ կառավարության 2021-2026թթ. գործողությունների, ինչպես նաև ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրերով նախատեսված է մինչև 2026 թվականը ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ:
2025թ.-ի հունվարի դրությամբ ժամանակակից լաբորատոր սարքավորումներով ապահովված են ԿԳՄՍ ենթակայության 107 ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի մարզերի շուրջ 458 հանրակրթական դպրոցներ:
Ուսուցիչները կարևորել են լաբորատոր նոր սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումների կազմակերպումը: Նրանք նաև նշել են, որ ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը էապես կխթանի բնագիտական առարկաների արդյունավետ ուսուցումը և հնարավորություն կտա որոշել սովորողի կարողունակությունների աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների և չափորոշիչներով սահմանված վերջնարդյունքների: Ուսուցման ընթացքում լաբորատոր աշխատանքների անցկացումը կարևոր է նաև երեխայի մասնագիտական կողմնորոշման հարցում:



