Նորություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի այցը Արարատի մարզ
14.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզ, հետևել մի շարք համայնքների նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը, մարզպետարանի և պատասխանատու շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:Այցի համատեքստում նախարարը եղել է Արտաշատի ավագ դպրոցում, որը հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում: Շինարարների ուղեկցությամբ նախարարը հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին, նրան ներկայացվել են խնդրահարույց մի քանի հարցեր, որոնք պահանջում են մասնագիտական քննարկումներ և լուծումներ: Պատասխանատուների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են նախատեսված ժամանակացույցով, ըստ որի դպրոցը շահագործման կհանձնվի շուրջ 1 տարուց։ Հիմնովին նորոգված այս դպրոցում կկազմակերպվի ավելի քան 450 սովորողի կրթությունը՝ ժամանակակից պահանջներին համահունչ:
Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների ստեղծման աշխատանքներում նախարարն ուշադրություն է հրավիրել ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքների իրականացմանը՝ շեշտելով, որ լաբորատորիաներն անպայման պետք է ապահովված լինեն հոսող ջրով: ԿԳՄՍ նախարարի աշխատանքային շրջայցն ավարտվել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվանի թիվ 139 ավագ դպրոցում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ Համաշխարհային բանկի ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական որակյալ աշխատանքների իրականացումը և սահմանված ժամկետների պահպանումը, որոնք համապատասխան միջավայր են ստեղծելու որակյալ կրթության կազմակերպման համար։
Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում վերանորոգվող դպրոցների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է մոտակա բնակավայրերի դպրոցներում․ աշակերտների տեղափոխությունն իրականացվում է պետության կողմից հատկացված բարձրակարգ ավտոբուսներով:
Նշենք, որ վերոնշյալ բոլոր դպրոցների հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։















