Նորություններ
Համաշխարհային բանկի թիմը շրջայց է իրականացրել ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում
21.02.2024
Փետրվարի 20-ին Համաշխարհային բանկի թիմը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտում հիմնվող «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»։
Այցին մասնակցում էին Համաշխարհային Բանկի Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ինչպես նաև «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Արմինե Մինասյանը:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը, ընդունեց առաքելության ներկայացուցիչներին, ներկայացրեց ստեղծվող ենթակառուցվածքի կարևորությունն ու հնարավորությունները:
Մշտադիտարկող պատվիրակությունը շրջեց բուհի կողմից կենտրոնի համար նախատեսված տարածքում, ծանոթացավ ծրագրով ձեռք բերված լաբորատոր գերժամանակակից սարքավորումներին ու ընթացիկ աշխատանքներին:
Նշենք, որ ԵՊՀ-ում ‹‹Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն›› է ստեղծվում, որը համալրված է լինելու ժամանակակից օպտիկական և օպտոէլեկտրոնային սարքերի միկրոմշակման, դրանց միջոցով կենսաօպտիկայի, տեղեկատվության մշակման ու հեռահաղորդակցության ոլորտներում բարձր տեխնոլոգիական միկրոհամակարգերի պատրաստման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով և նպաստելու է կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։ Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնում նորագույն սարքավորումների միջոցով մշակվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան օպտիկական միկրոհամակարգեր, որոնց հիման վրա կատարվելու են նոր հետազոտություններ: ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ տպավորված են դրամաշնորհային ծրագրի արդյունքներով, շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մ. Ռաֆայելյանին և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար:









