Նորություններ
Աշխատանքային այց ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում
15.06.2023
Հունիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջայց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում, որը հիմնանորոգվելու է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում: Վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվելու է շուտով, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը ըստ նախագծի կազմելու է մոտ 24 ամիս: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը նշեց, որ հիմնանորոգվող դպրոցում նախատեսվում է իրականացնել սեյսմակայունությանն ուղղված ամրացման, տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման, ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Կբարեկարգվի դպրոցի հարակից տարածքը: Կկառուցվեն խաղահրապարակ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ:
‹‹Արդեն պատրաստ են նախագծերը, դրանք նախագծային ընկերությունների տնօրենների և մասնագետների հետ բազմիցս քննարկեվել են››,-հավելեց Գ. Բաղդասարյանը: Նշենք, որ հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքը կունենա հարմարեցված միջավայր: Հավելենք, որ վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 4 ավագ դպրոցներից մեկն է: Հիշեցնենք, որ շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցը ուսումնական գործընթացը կկազմակերպի այլ տարածքում: Հավելենք, որ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի իրականացումը միտված է Հայաստանի տարբեր շրջաններում ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, ինչն իր հերթին թույլ կտա բարելավել կրթական ծառայությունների որակը:
Վերոնշյալ ավագ դպրոցի ներկա պայմանները ` լուսանկարներում:































