Նորություններ
Տեղի է ունեցել հանրային քննարկում ՝ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի վերակառուցման նախագծի, բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի վերաբերյալ
12.05.2023
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ.-ի մայիսի 12-ին, Արտաշատի համայնքապետարանում տեղի ունեցավ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ
ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցվող ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման նախագծի, Բնապահպանական սոցիալական կառավարման պլանի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում: Հանրային քննարկման մասին հայտարարությունը սույն թվականի ապրիլի 28-ին տեղադրվել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պաշտոնական կայքում:
Հանդիպմանը մասնակցում էին Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի «Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ» Կ. Պողոսյանը, Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի տնօրեն Ե. Սիմոնյանը , ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող/ճարտարապետ Մ. Սարիբեկյանը, « ԱՐԽԻ-ՏՈՒՐ» ՍՊԸ-ի նախագծող-ճարտարապետ Կ. Հովեյանը, ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը, ուսուցչական և ծնողական կազմը, այլ շահագրգիռ կողմեր: ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի «Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ» Կ. Պողոսյանը հանդես եկավ բացման խոսքով, ներկայացրեց հանրային քննարկման
իրականացման նպատակները և կարգը: ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող /ճարտարապետ Մ. Սարիբեկյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները, ենթածրագրերի իրականացման ընթացակարգը և հիմնական փուլերը: Ծրագրի նախագծող-ճարտարապետ Կ. Հովեյանը խոսեց վերակառուցվող դպրոցի նախագծի և հիմնական ճարտարապետական լուծումների մասին։ ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը ներկայացրեց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը, օրենսդրական պահանջները, քաղաքականության շրջանակը, ՀԲ-ի բնապահպանական քաղաքականությունը, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական կառավարման պլանը։ Ա.Կարապետյանը շեշտեց նախատեսվող աշխատանքների անհրաժեշտությունը: Քննարկման ավարտին հնչեցին մի շարք հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի վերոնշյալ դպրոցում շինարարական աշխատանքների տևողությունը 24 ամիս է: Աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Հարկ է նշել, որ ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու կլինի նաև բնապահապանական և սոցիալական կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի մշտադիտարկման համար:



