Նորություններ
Վարչապետը ԵՊԲՀ-ում ներկա է գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը
16.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը,ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք:
Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել նորաստեղծ կենտրոնով, ծանոթացել ստեղծված հնարավորություններին և գործունեության ուղղություններին: Կենտրոնը կառուցվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով:
Կենրոնում նախատեսվում է իրականացնել մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ: Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն է ստեղծված, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ՝ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ։ ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով, ‹‹Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի›› ստեղծման արդյունքում ակնկալվում է նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին, բարձրացնել իրականացվող հետազոտությունների որակը, մեծացնել հետազոտական ուղղվածություն ունեցող անձնակազմի տեսակարար կշիռը, ինտեգրել ուսանողներին գիտահետազոտական աշխատանքների մեջ իրենց կրթության տարբեր փուլերում, զարգացնել ուսանողների մոտ հետազոտական մտածելակերպ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով, ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ ‹‹ Կենտրոնի նյութատեխնիկական բազան կարող է հարթակ ծառայել այլ բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողների և գիտնականների աշխատանքների իրականացման համար, ինչը կնպաստի ոչ միայն ԵՊԲՀ, այլ նաև Հայաստանի Հանրապետության գիտության որակի բարձրացմանը:
Երևանի պետական բժշկական համալսարան այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ եղել է նաև Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ստեղծված ԵՊԲՀ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, որի գործունեությունը միտված է բժիշկ-ստոմատոլոգների գործնական հմտությունների զարգացմանը: Այն հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով, համապատասխան կահույքով, արդի մասնագիտական գրականությամբ: Այստեղ կազմակերպվում են բժիշկների վերապատրաստման դասընթացներ, մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ:






