Նորություններ

ՀՌՀ-ում բացվել է Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնը

23.09.2021

Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը , որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ ԿԳՄՍ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի և ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Կենտրոնի հանդիսավոր բացումից հետո ներկաները բուհի ղեկավարության ուղեկցությամբ շրջել են կենտրոնի լաբորատորիաներում, ծանոթացել սարքավորումների հագեցվածությանը, լսարանային և սեմինարային դասասենյակների կահավորմանը: Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանում Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն, մշակվել է «Գենային ճարտարագիտություն» մագիստրոսական հետազոտական կրթական ծրագիր: Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծեց «Չկա որակյալ բարձրագույն կրթություն առանց գիտության, և չի կարող լինել շարունակական գիտություն առանց որակյալ բարձրագույն կրթության. դրանք գոյատևում և զարգանում են համատեղ: Նման լաբորատորիան, միանշանակ, ողջունելի է, այն նվաճում է և խիստ անհրաժեշտ կրթական գործընթացներում»:
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը խոսեց կատարված հսկայածավալ աշխատանքի մասին, ներդրումների, ինչպես նաև ծրագրից ակնկալվող արդյունքների և նպատակների մասին:
Ռեկտորը փաստեց՝ դրամաշնորհային ծրագիրն իրականացավ գործընկերների շնորհիվ. Բեղմնավոր և արդյունավետ աշխատանք մաղթելով նորաստեղծ կենտրոնին, ռեկտորը շնորհակալություն հայտնեց Համաշխարահային բանկին, Կրթական ծրագրերի կենտրոնին կատարված համատեղ հսկայածավալ աշխատանքի համար:
Խոսելով դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության մասին ԿԾԿ ԾԻԳ տնօրեն Գ. Հովհաննիսյանը շեշտեց. «Կրթական ծրագրերի կենտրոնի» աջակցությամբ իրականացված դրամաշնորհային ծրագրերում շեշտադրվում է երկու կարևոր բաղադրիչ՝ ծրագրի շարունակականությունը և նորարարությունը, ինչը նպաստում է բուհերում գիտական ու նորարարական աշխատանքների ծավալմանն ու գիտական գործունեության արդյունքների առևտրայնացմանը: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ ստեղծված նմանատիպ կենտրոնները հնարավորություն են ընձեռում մեր կրթությունը ապակենտրոնացնել` ուսանողին լսարանից տեղափոխելով պրակտիկ դաշտ»:
Ծրագրի արդյունքում ձեռք են բերվել գենոմի սեքվենավորման և խմբագրման նորագույն սարքավորումներ, որոնք առաջին իսկ օրվանից կիրառվել են գիտահետազոտական և կրթական ծրագրերում։
Դրամաշնորհի շրջանակներում ձեռքբերված նանոպորային սեքվենավորման սարքի միջոցով իրականացվել է նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական բնութագրում։ Մշակվել է նոր մագիստրոսական ծրագիր և լրամշակվել են առկա կրթական ծրագրերը։ Կենտրոնի հենքի վրա իրականացվել են սեմինարներ, վերապատրաստումներ և գիտաուսումնական միջոցոռումներ։
«Ծրագրի արդյունքում ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ և ստեղծվել է գիտատեխնիկական բազա, որը մեր ուսանողներին հնարավորություն է ընձեռել հենց համալսարանում իրականացնել գիտահետազոտական և լաբորատոր աշխատանքներ: Բացի այդ`մենք ձեռք ենք բերել երրորդ սերնդի սեքվենավորման սարքը, որի շնորհիվ հետազոտություններ ենք կատարել կորոնավիրուսի շտամի առանձնահատկությունների, լրացուցիչ տարբերակների հայտնաբերման ուղղությամբ»,- նշեց Հայ-Ռուսական համալսարանի Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեկվենավորման կենտրոնի ղեկավար Ռոքսանա Զախարյանը:
Կարևորելով բուհ-մասնավոր հատված գործնական կապը՝ ՀՌՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը հավաստիացրեց, որ առաջիկայում Կենտրոնը կարող է լուծել կարևոր խնդիրներ՝ առողջապահության մի շարք ոլորտներում՝
իրականացնելով հետազոտություններ փորձարկումներ:
«Կենսաինֆորմատիկան և գենոմիկան այն բեկումնային ոլորտներն են, որոնք հիմք են հանդիսանում անձնավորված բժշկության, նորարարական ախտորոշիչ մոտեցումների և դեղամիջոցների մշակման համար: Այս ոլորտները Հայաստանում հիմնարար և կիրառական կենսաբժշկության հետազոտությունների զարգացման հենասյուներից են: Այսօր, արդեն իսկ ծրագրի շրջանակներում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներով, առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ»,-փաստեց դրամաշնորհային ծրագրի ղեկավարը:
Այսպիսով՝ կենտրոնի առկայությունը ՀՌՀ-ին թույլ է տալիս ընդլայնել առողջապահության գերակա ոլորտներում գենոմիկայի և գենոմի խմբագրման հետազոտությունները:

 

Նորություններ

18.11.2021 Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում ամփոփվում է հիմնանորոգումը Նոյեմբերի 16-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ... 16.11.2021 ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում բացվել է նոր գիտաուսումնական կենտրոն ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի է ունեցել դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը:Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի... 11.11.2021 Մշտադիտարկում Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում Նոյեմբերի 11-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Գեղարքունիքի մարզի Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ընթացքում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ...