Նորություններ
ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ
26.05.2026
‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Աշխատանքային այցերի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձանագրել է, որ նախակրթարանների հիմնման համար ընտրված տարածքներում իրականացվում են նախահաշվով նախատեսված աշխատանքներ: Դռները և պատուհանները տեղադրման փուլում են, կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ: Խոսելով վերոնշյալ նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ Վռամ Բոյաջյանը փաստեց, որ վերանորոգման աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանները կսկսեն գործել առաջիկա ուսումնական տարվանից: Նշենք, որ միկրոծրագրերի իրականացումը պարբերական բնույթ է կրում և հավելենք՝ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում այս պահին ընթանում են նախակրթարանների ստեղծման 10 միկրոծրագրեր: