Նորություններ
Նորաստեղծ բնագիտական առարկաների լաբորատորիաներ՝ Վանաձորում
03.08.2020
2020 թվականի փետրվարից մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը այն 99 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները արդեն իրականություն են: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվող այս ենթակառուցվածքները նպատակ ունեն ավագ դպրոցներում ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքները ամրապնդել գործնական հմտություններով՝ լաբորատոր, ցուցադրական փորձերի կատարման ժամանակ: Հավելենք, որ մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, նախապես կրթական ծրագրերի կենտրոնի կողմից մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կատարվել է կարիքների գնահատում:
«Արդի ժամանակներում ուսուցումը ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է տեսականը զուգորդել գործնականի հետ, հատկապես դժվար է պատկերացնել բնագիտական առարկաների ուսուցումը առանց համապատասխան նյութերի և սարքավորումների: Այս նորարարական լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման համար: Դրանք աշակերտներին հնարավորություն կտան մասնագիտական կողմնորոշման››,- նշեց Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցիչը:
Նորաստեղծ այս չորս լաբորատորիաները աշակերտներին հնարավորություն կտա որակյալ փորձեր անել և արդյունքներ ստանալ: Նման արդիական սարքավորումների առկայությունը մեր դպրոցում կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման: Կարող ենք փաստել, որ այս լաբորատորիանները կնպաստեն բնագիտակսն առարկաներից միջազգային օլիմպիադաներում դպրոցի նոր ձեռքբերումներին››,- փաստեց Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի տնօրեն Ա. Ծատրյանը:
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով գիտատեխնիկական բազմաբնույթ փառատոններին ու միջազգային մրցույթներին աշակերտների մասնակցությունն առավել քան իրատեսական է դառնում: Այս լաբորատորիաները ավագ դպրոցներում դառնալու են այն օղակը, որը կարող է կապել բիզնեսն ու կրթությունը››,- փաստեց «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի համակարգող Նունե Ասրյանը
Նշենք , նաև , որ ստեղծվող լաբորատորիաների համար ժամանակակից լաբորատոր սարքավորումների մատակարարման ընթացքում ուսուցիչներին նախապես ծանոթացրել են սարքավորումների տեխնիկական հնարավորություններին, օգտագործման պայմաններին և դրանց կիրառությանը:
Տնօրենի հավաստմամբ տրամադրված լաբորատոր սարքավորումները նոր ուսումնական տարում ամենօրյա կիրառելիություն կունենան դասապրոցեսում: