Նորություններ
Ամփոփվեց դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում
31.07.2020
Հուլիսի 31-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը՝ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու հանդիսացող բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ): «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն»-ի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Հիշեցնենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսի 30-ին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում կնքված դրամաշնորհային պայմանագրով: Աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս. Ծառուկյանի հետ շրջեցին գերազանցության կենտրոնի շրջանակներում ստեղծվելիք կլինիկայի և լսարանի համար առանձնացված համապատասխան տարածքներում, որոնց վերանորոգումը բուհի միջոցների հաշվին արդեն իսկ գտնվում էր ավարտական փուլում: Ծրագրի ղեկավարը ներկայացրեց, որ ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն՝ հագեցած գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մուլյաժներով ու այլ պարագաներով: Կենտրոնի հիմնումը կնպաստի անասնաբուժության բարձրագույն կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը: Կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս. Ծառուկյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում ստեղծվելիք կլինիկայի կենսանվտանգության պահանջների մշակման և նաև այդ ուղղությամբ աշխատողների վերապատրաստման նպատակով բուհի կողմից իրականացվել է անհատ խորհրդատուի ընտրություն, ինչպես նաև ձեռք է բերվել ծրագրով նախատեսված գերազանցության կենտրոնի համար անհրաժեշտ մուլյաժների առաջին խմբաքանակը:
ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս Ծառուկյանի խոսքով՝ անասնաբուժությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, և այդ ոլորտի համար անհրաժեշտ կադրերի ապահովումն իրականացնում է միայն ՀԱԱՀ-ը: Ուստի, ‹‹Ստեղծելով նմանատիպ գերազանցության կենտրոն՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին, ինչը թույլ կտա զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և հնարավորինս նվազեցնել սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում››,-հավելեց ծրագրի ղեկավարը:











