Նորություններ
ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագիրն ամփոփում է մեկ տարին
23.07.2020
Հուլիսի 23-ին երկշաբաթյա մոնիտորինգային այցերի համատեքստում աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն››ԾԻԳ-ի ևԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Աշխատանքային խումբը ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացավ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծման ընթացիկ աշխատանքներին:Նշենք, որ ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրի վերանայում և ներդնում և վերջինիս շրջանակներում կրթամասերի տեսքով երկու ուղղությունների՝«Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ»առանձնացում, բուհի կարողությունների հզորացմանը միտված արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծում,ինչպես նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ: Հանդիպման սկզբում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի ներկայացուցիչների հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Ապա, ներկաները շրջեցին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվելիք լաբորատորիայի համար առանձնացված համապատասխան տարածքներում, որոնցից մեկն արդեն պատրաստ էր, իսկ մյուսում ընթացքի մեջ էին վերանորոգման աշխատանքները: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նշեց, որ ծրագրի շրջանակներում ձեռքբերված գրենական պիտույքները և համակարգչային սարքավորումները, պահեստավորված են համապատասխան տարածքում, իսկ լաբորատոր սարքավորումների և հարմարանքների ձեռքբերումը և մատակարարումը նախատեսվում է իրականացնլ ս.թ. հոկտեմբերին:
Դրամաշնորհային ծրագրի համակարգող Ա. Մարտիրոսյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում քայլեր են իրականացվել կրթության բովանդակության բարեփոխման ուղղությամբ, մասնավորապես բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից մեկնարկել են «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի վերանայման, ներդրման, ուսումնական պլանի կազմման և դասընթացների ծրագրերի մշակման աշխատանքները, ընդորում,նախատեսվում է կրթամասերի տեսքով առանձնացնել երկու ուղղություններ՝ «Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ»: Ըստ այդմ, դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ, ուսումնական պլանները արդեն իսկ հաստատվել են ՃՇՀԱՀ-ի Գիտական խորհրդի կողմից, և ներկայումս բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ընթացքի մեջ են դասընթացների ծրագրերի մշակման աշխատանքները:
Միաժամանակ, Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ, բուհի կողմից մեկնարկելէ «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում»կրթական ծրագրում ընդգրկված մասնագիտական դասընթացների՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ թվայնացման նպատակով անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:
«Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում ուսուցման առցանց իրականացումը ենթադրում է նոր մոտեցումներ և ՏՀՏ նոր գործիքներ:Ստեղծված իրավիճակում Moodle էլեկտրոնային հարթակի կիրառումը էլ ավելի է կարևորվում՝ առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ ունենալու և ուսանողների կրթության անընդհատությունը ապահովելու տեսանկյունից»,- փաստեց Ա. Մարտիրոսյանը:
ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ լաբորատորիայի ստեղծումը կնպաստի տրանսպորտային ուղիների շինարարության և շահագործման ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիակացմանը, թույլ կտա իրականացնել տեխնիկական համագործակցություն՝գործող շինարդյունաբերության, շինարարական և շինարարություններին վերահսկող կազմակերպությունների հետ, ինչպես նրանց անհրաժեշտ նոր մշակումների կատարման, այնպես էլ կիրառվող շինանյութերի, պատրաստվածքների, կոնստրուկցիաների ու կոնստրուկտիվ լուծումների փորձաքննությունների անցկացման ոլորտներում:














