Նորություններ
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերն ամփոփում են մեկ տարին
21.07.2020
Հուլիսի 21-ից մեկնարկել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը, որը, համավարակով պայմանավորված, իրականացվում է արտակարգ դրության պայմաններում` հետևելով Պարետի բոլոր ցուցումներին` պահելով անհրաժեշտ սոցիալական տարածությունն ու ապահովելով անվտանգության պարտադիր պայմանները:
Մոնիտորինգային երկրորդ այցերի շրջանակներում հուլիսի 21-ին առաջին աշխատանքային այցը «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները իրականացրեցին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ): ԵՊԲՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Կ. Ենկոյանը և ծրագրի համակարգող Ս. Քոչարյանը ներկայացրին ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն››-ի ստեղծման ընթացիկ աշխատանքները: Ծրագրի մեկնարկից մեկ տարի անց արդեն ընթացքում է դրամաշնորհային ծրագրի իրականացման երրորդ փուլը: Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ժամանակակից և հզոր կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ, հետազոտական ուղղվածությամբ կրթության օրինակելի ձև` ուղղված բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանը: Կենտրոնի ստեղծումը կնպաստի բուհի ռազմավարության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, հետազոտական կարողություններով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը, ուսանողների և ասպիրանտների համար նոր գիտակրթական ծրագրերի ներդրմանը: ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով դրամաշնորհային ծրագիրը հավակնոտ է, բայց և չափազանց իրատեսական. ժամանակակից և հզոր ենթակառուցվածքի ստեղծումը կնպաստի ԵՊԲՀ-ի միջազգային տեսանելիության բարձրացմանը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը խոսեց կատարված աշխատանքի, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքների և հետագա նպատակների մասին։
Այցի ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Կ. Ենկոյանը նշեց, որ համապատասխան ընկերության կողմից արդեն իսկ մշակվել և ամփոփման փուլում է գտնվում նոր ստեղծվելիք լաբորատորիայի տարածքի նախագիծը, որից հետո, բուհի հավաստմամբ, արդեն կմեկնարկեն շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ընկերության ընտրության համապատասխան գործընթացները: Միաժամանակ, դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ, ներկայումս ընթացքի մեջ են լաբորատոր սարքավորումների ձեռքբերման նպատակով մրցութային փաթեթի կազմման աշխատանքները:
Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ, մի շարք քայլեր են ձեռնարկված նաև ԵՊԲՀ-ի կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ: Ս. Քոչարյանը ծանոթացրեց կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցության ընթացքին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված կոնսորցիումի անդամ հաստատությունների՝ «ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի» և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ ընթացքի մեջ են ժամանակակից հետազոտական մեթոդների դասավանդման գիտակրթական ծրագրերի մշակման, հետազոտական նորագույն մեթոդների ներդրմամբ իրականացվող գիտահետազոտական ծրագրերի մշակման և գիտական արդյունքների հրապարակման աշխատանքները: Ընթացքում են նաև ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, հետազոտողների, հետդիպլոմային կրթության համար երկլեզու ուսումնական ձեռնարկի, ինչպես նաև ոլորտում աշխատող մասնագետների համար կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկի մշակման աշխատանքները: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատանքային խումբը ԵՊԲՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց ԵՊԲՀ-ի պահեստային հատվածում, որտեղ պահեստավորվել էին արդեն իսկ մատակարարված գրենական պիտույքները, գրասենյակային և լաբորատոր կահույքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նաև նշեց, որ դրանք կտեղադրվեն նախատեսված տարածքներում Կենտրոնի կառուցումից հետո:
Հիշեցնենք, որ 2015 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանում գործում է ‹‹Գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը››, իսկ 2018 թվականից՝ ‹‹Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը››, որոնք ևս ստեղծվել են ՆՄՀ դրամաշնորհով:











