Նորություններ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է մարզեր՝ ծանոթանալու դպրոցաշինության ծրագրերին
05.07.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով հուլիսի 4-6-ը եղել է Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Նախարարն այցելել է պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և նորոգվող կրթական հաստատություններ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Նախարար Ա. Հարությունյանը այցելել է Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության մեծածավալ աշխատանքներ։ Այս դպրոցը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերակառուցվող 8 դպրոցներից մեկն է։ Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններում կապահովվեն ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները։ Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:
Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում այս տարի հանրապետությունում կհիմնվի 21 նոր նախակրթարան, այդ թվում՝ 3-ը՝ Սյունիքի, 5-ը՝ Արարատի մարզերում։ Բոլոր համայնքներում նախակրթարանները հիմնվում են դպրոցների հենքի վրա։ Նախապես կատարվել է կարիքի գնահատում և ընտրվել են այն համայնքները, որոնք մանկապարտեզ չեն ունեցել։
ԿԳՄՍ նախարարի հերթական կանգառը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում էր, որը սեպտեմբերին կունենա նոր նախակրթարան: Այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Սյունիքի մարզի Քարաշենի և Վաղատուրի միջնակարգ դպրոցներին կից ևս նոր ուսումնական տարում դռները կբացեն նոր նախակրթարանները։
Նախարարն այցելել է նաև Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի 1-ին նոր նախակրթարաններն արդեն շահագործման կհանձնվեն։ Արարատի մարզում սեպտեմբերին նոր նախակրթարաններ կբացվեն նաև Արարատ և Նարեկ համայնքներում։ Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և ամբողջ ծավալով:
Նախարարի մարզային այցը շարունակվում է։





