Նորություններ
ԿԳՄՍ նախարարը մասնակցել է շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ հեռավար ձևաչափով հանդիպմանը
17.04.2020
Ապրիլի 17-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում այն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «Կրթության բարելավում» ծրագրով իրականացնում են թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները : Հիշեցնենք , որ Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 12-ի, N 37 որոշման համաձայն ՀՀ տարածքում ամբողջությամբ թույլատրվել է բացօթյա շինարարության գործունեությունը և արդյունքում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ապրիլի 13-ից մեկնարկել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքները:
Հեռավար ձևաչափով հանդիպմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը,«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիգոր Բաղդասարյանը:
ԿԳՄՍ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենին հանդիպման կազմակերպման համար, գործընկերներին՝ ներկա գտնվելու համար: Ա. Հարությունյանը ընդգծեց. «Շինարարությունը տնտեսության շարժիչ կարևոր ոլորտներից մեկն է, և մենք հնարավոր ամեն ինչ պետք է ձեռնարկենք «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակն ու տեմպը պահելու համար»:
ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ հորդորեց հետևել Պարետի բոլոր ցուցումներին , լինել կարգապահ, պահել սահմանները, ապահովել անվտանգության պարտադիր պայմանները, որպեսզի հնարավոր լինի կանխել համավարակի տարածումը. մասնավորապես անդրադարձավ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ընթացող շինարարական աշխատանքներին, հորդորելով, հնարավորինս զգուշություն պահպանել Վաղարշապատի տարածքում:
ԿԳՄՍ նախարարը լսեց բոլոր շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկեց արտակարգ դրության պայմաններում իրականացվող շինարարության ընթացքի կազմակերպման հետ կապված որոշ հարցեր:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը նշեց, որ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը մշտապես հեռավար ձևաչափով հանդիպումներ կկազմակերպի շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, իսկ ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատանքային խմբերը այցեր կիրականացնեն «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: ԿԳՄՍ նախարարը հավաստիացրեց, որ մասնակից կլինի հեռավար ձևաչափով հանդիպումներին, նաև կայցելի հիմնանորոգվող ավագ դպրոցներ :
Ներկաները հուսով էին, որ նման աշխատանքային հանդիպումները հնարավորինս կհեշտացնեն հիմնանորոգման գործընթացը ավագ դպրոցներում:





