Նորություններ
Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով
04.02.2020
Փետրվարի 3-ին աշխատանքային այցով «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում (ԵՊԲՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԵՊԲՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Կ. Ենկոյանը և ծրագրի համակարգող Ս. Քոչարյանը ներկայացրին ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն››-ի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Ծրագրի մեկնարկից կես տարի անց արդեն ամփոփվում է դրամաշնորհային ծրագրի առաջին փուլը: Նշենք, որ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում ժամանակակից և հզոր կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ, հետազոտական ուղղվածությամբ կրթության օրինակելի ձև` ուղղված բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանը: Կենտրոնի ստեղծումը կնպաստի բուհի ռազմավարության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, հետազոտական կարողություններով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը, ուսանողների և ասպիրանտների համար նոր գիտակրթական ծրագրերի ներդրմանը, վերապատրաստված և բարձր որակավորմամբ մասնագետների համալրմանը: ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով ժամանակակից և հզոր ենթակառուցվածքի ստեղծումը կխթանի կոնսորցիումի անդամ հաստատությունների հետ համատեղ գիտակրթական միջազգային հավակնոտ ծրագրերի մշակումը, կնպաստի ԵՊԲՀ-ի միջազգային տեսանելիության բարձրացմանը:
«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծման արդյունքում ակնկալվում է նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին, բարձրացնել իրականացվող հետազոտությունների որակը, մեծացնել հետազոտական ուղղվածություն ունեցող անձնակազմի տեսակարար կշիռը, ինտեգրել ուսանողներին գիտահետազոտական աշխատանքների մեջ՝ իրենց կրթության տարբեր փուլերում, զարգացնել ուսանողների մոտ հետազոտական մտածելակերպ››, - հավելեց պրոռեկտորը:
Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները բուհի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեցին դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը:
Ներկաներն ամրագրեցին, որ կենտրոնի համար նախատեսված տարածքի ընտրության, ինչպես նաև նախագծման աշխատանքներն ավարտվել են ու շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ընթացքում է դրամաշնորհային ծրագրով նախատեսված որոշ ապրանքների ձեռքբերման գործընթացը: Դրամաշնորհային ծրագրի համակարգող Ս. Քոչարյանը ծանոթացրեց նաև կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցության ընթացքին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված կոնսորցիումն ունի երկու մասնակից, որոնցից մեկը «ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտն» է, իսկ մյուսը՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը: Բուհը մեկնարկել է նաև ասպիրանտների, հետազոտողների համար երկլեզու ուսումնական ձեռնարկի և ոլորտում աշխատող մասնագետների համար կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկի կազմման աշխատանքները: ԵՊԲՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ գործող լաբորատորիաների կառուցվածքի և լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ծրագրի շրջանակներում իրականացվել է գործուղում Մոսկվայի նմանատիպ կենտրոն, որտեղ գործում է համանման լաբորատոր բազա:
Հիշեցնենք, որ 2015 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանում գործում է ‹‹Գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը››, իսկ 2018 թվականից՝ ‹‹Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը››, որոնք ևս ստեղծվել են ՆՄՀ դրամաշնորհով:










