Նորություններ
Գինեգործական կրթության գիտաարտադրական բազա
05.11.2019
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացման նպատակով ստեղծվել է նյութատեխնիկական նորագույն բազա: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլի շրջանակներում (2015-2017թթ.)՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ:
Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի ստեղծման պատմությունը սկսվել է 2015 թ.-ի դեկտեմբերից՝ «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում (ԳԿԳԲԶ)» դրամաշնորհային ծրագրի իրականացմամբ: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսությունում ստեղծել է գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգ, ինչպես նաև իրականացվել է գիտափորձերի համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած օրինակելի տնտեսության գործարկում: Այս գիտաուսումնաարտադրական բազան պրակտիկ հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից բացի, այսօր խթանում է Ագրարային համալսարանի արտադրական գործունեությունը:
Ստեղծված գիտաուսումնաարտադրական բազան ապահովում է կրթության, գիտության և արտադրության կապը:
Կենտրոնի այսօրվա գործունեությունը փաստում է բուհում գիտական ու նորարարական աշխատանքների ծավալման ու գիտական գործունեության արդյունքների առևտրայնացման մասին: Կենտրոնը ոչ միայն հնարավորություն է ընձեռել բուհում կրթությունը ապակենտրոնացնել` ուսանողին լսարանից տեղափոխելով պրակտիկ դաշտ, այլև
մայրաքաղաքի «գինաշատ» մասում՝ Սարյան փողոցում, երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը արդեն վայելում են Ագրարային համալսարանի արտադրության գինին:
Գիտաուսումնաարտադրական բազայի արտադրական տարածքում կարևոր նշանակություն ունի գինեգործության մասնագիտացված լսարանը, ինչը գինեգործական կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն է տալիս ձեռք բերել գործնական հմտություններ գինու արտադրության, շշալցման, պահպանման, մատակարարման վերաբերյալ, ինչպես նաև նպաստում է գինու արտադրությունում նոր տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը:
ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում ստեղծվել է ժամանակակից տեխնիկայով համալրված ուսումնաարտադրական տնտեսություն, որն այսօր տարածաշրջանում իրականացնում է գինեգործական կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծված ուսումնագիտական կենտրոնի վերաբերյալ պատմող տեսահոլովակը այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=0WlkflugTZw