Նորություններ
Համաշխարհային բանկի պատվիրակության այցը Երևանի թիվ 20 հիմնական դպրոց
31.10.2019
Հոկտեմբերի 30–ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Ռուզաննա Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց: ՀԲ պատվիրակության կազմում էին ՀԲ ավագ տնտեսագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Կատյա- Մարինա Հերերա Սոսան, կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի համաղեկավար Հաննա Ալասուտարին, բարձրագույն կրթության մասնագետ Կուն Գևնը, կրթության հարցերով խորհրդատու Անուշ Շահվերդյանը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթության գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը:
Այցի նպատակը վերոնշյալ կրթօջախում միկրոծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանի գործունեությանը ծանոթանալն էր: Հյուրերին ողջունեց տնօրեն Անահիտ Խոսրովյանը: Տնօրենը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը զգալիորեն բարձրացել է: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը , խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Հիշեցնենք, որ նախակրթարանը ստեղծվել է 2018թ.-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վեերոնշյալ կրթական հաստատության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նախակրթարանը, որտեղ ընդգրկված են 20-ից ավելի 5 տարեկան երեխաներ, ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: ՀԲ ներկայացուցիչները շրջեցին խաղային անկյուններով, թերթեցին սաների տետրերն ու նկարչական ալբոմները՝ հավաստիանալով, որ նախակրթարանում սաները հաշվել են սովորում, տարբերում են տարվա եղանակներն ու գույները:Նշենք նաև, որ նախակրթարանը ունի հարմարեցված պայմաններ և նախակրթարանում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Տնօրենի հավաստմամբ՝ համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանի դերը համայնքում, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն հնարավորություն ունեն կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:
Հավելենք, որ Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում արդեն իսկ հիմնվել են 115 նախակրթարաններ:



















