Նորություններ
Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ԵՊՀ
31.10.2019
Հոկտեմբերի 31-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ: ՀԲ պատվիրակության կազմում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթության գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը ,ՀԲ ավագ տնտեսագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Կատյա Հերերա Սոսան, կրթության մասնագետ, Առաջադրանքի թիմի համաղեկավար Հաննա Ալասուտարին, բարձրագույն կրթության մասնագետ Կուն Գևնը, կրթության հարցերով խորհրդատու Անուշ Շահվերդյանը: Հյուրերին դիմավորեց Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը: Հանդիպման ընթացքում Կարեն Թռչունյանն անդրադարձավ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ստեղծմանը և նրա հիմնական գործառույթներին:
Հյուրերը շրջեցին լաբորատորիայում, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին, մասնակցեցին բարձր դասարանների դպրոցականների համար կազմակերպված լաբորատոր աշխատանքներին, քննարկեցին մանրէաբանական կրթության հեռանկարներն ու հնարավորությունները, ծանոթացան կենտրոնում առկա անգլալեզու գրականությանը:
Նշենք, որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում բացված Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի նորարարական կենտրոնի գաղափարը կյանքի է կոչվել ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում` Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհով` Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Շրջայցի ընթացքում Կ. Թռչունյանը հյուրերին ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվող գիտահետազոտական աշխատանքները: «Կենտրոնը մասնագետներին հնարավորություն է տալիս որակյալ գիտափորձեր անել և այն օղակն է, որը կապում է բիզնեսն ու գիտական ներուժը: Իսկ կենսագործընթացների կառավարման համակարգը, որը միակն է Արևելյան Եվրոպայում, արդեն իսկ կիրառվում է սննդի արդյունաբերության, դեղագործության, ալկոհոլային խմիչքի արտադրության ոլորտում»,- նշեց կենտրոնի ղեկավարը:
Կենտրոնն ունի երեք ուղղվածություն` կրթական, գիտահետազոտական եւ նորարարական: Այստեղ ուսանողներն ու գիտնականները կարողանում են իրագործել իրենց ինովացիոն գաղափարները` օգտագործելով նյութատեխնիկական ողջ բազան:


















