Նորություններ
Հանրային խորհրդակցություն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում
22.07.2019
Հուլիսի 19-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում երկրորդ փուլով հիմնանորոգման ենթակա ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում կազմակերպվել է hանրային խորհրդակցություն, որի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար մշակված բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի ներկայացումն էր: Հանրային խորհրդակցությանը ներկա էին վերոնշյալ դպրոցի տնօրենը, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ուսուցիչները, աշակերտները և տվյալ համայնքի բնակիչները: Հանրային լսումների ընթացքում կարևորելով դրանց նշանակությունը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչ Նունե Ասրյանը ներկայացրեց հանրային լսումների նպատակն ու շեշտեցին նախատեսվող աշխատանքների անհրաժեշտությունը:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպան խորհրդատուն վերոնշյալ դպրոցում ներկաներին ծանոթացրեց շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցություններին, դրանց կանխման, հնարավորինս մեղմացման հիմնական միջոցներին: Ընդգծելով նախագծի մշակման ընթացքում բնապահպանական և սոցիալական ուսումնասիրությունների կարևորությունը՝ Ն.Ասրյանը նշեց, որ այդ հնարավոր ազդեցությունները կրում են ժամանակավոր բնույթ և հիմնականում կանխատեսվում են շինարարության փուլում: Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ շինարարական և վերականգնման աշխատանքների հետ կապված շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները կլինեն փոքրածավալ, կարճաժամկետ և տեղայնացված:
Ն. Այվազյանը հանրային լսման ընթացքում ընդգծեց. «Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, համապատասխանությունը բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի պահանջներին հնարավորություն կտա կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու հնարավոր անբարենպաստ ազդեցությունները: Դրանք հնարավոր է կանխել կամ նվազեցնել նաև շինարարական լավ պրակտիկայի արդյունքում», - հավելեց բնապահպան խորհրդատուն:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի վերոնշյալ դպրոցում շինարարական աշխատանքների տևողությունը 18 ամիս է: Աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն:
Հարկ է նշել, որ ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու կլինի նաև բնապահապանական և սոցիալական կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի մշտադիտարկման համար:








