Նորություններ
Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները
09.07.2019
‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիս և հուլիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Շիրակի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզերի համայնքներում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ վերոնշյալ համայնքների կրթական հաստատություններում հունիսին մեկնարկել են շինարարական աշխատանքները: Խոսելով վերոնշյալ մարզերում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ խորհրդատու Վռամ Բոյաջյանը փաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանները կսկսեն գործել առաջիկա ուսումնական տարվանից՝ ապահովելով այդ համայնքների 5-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ՝ գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներով լի անկյուններ: Նշենք, որ միկրոծրագրերի իրականացումը պարբերական բնույթ է կրում և հավելենք՝ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ընթացքում իրականացվել են նախակրթարանների ստեղծման 17 միկրոծրագրեր, իսկ 2019թ.-ի մայիսի 17-ից վերոնշյալ ենթաբաղադրիչի շրջանակներում ընթացքում են նախակրթարանների ստեղծման 18 միկրոծրագրեր: Հավելենք, որ վերոնշյալ մարզերից ծրագրի մասնակցության հայտ ներկայացրած խոցելի համայնքների 6 հաստատություններում միկրոծրագրերն իրականացվում են առանց համայնքային պարտադիր ներդրման, ամբողջապես դրամաշնորհային միջոցներով:










