Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են
12.03.2019
<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր տարածքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է շուրջ 12 ամիս: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում մարտի 11-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին, քննարկել մի շարք հարցեր: Ըստ նախագծի նախատեսվում է իրականացնել ԿՏԱԿ-ի ողջ տարածքի բարելավում. շենքի հիմքի ուժեղացման և ամրացման աշխատանքներ, տանիքի կառուցում, պատուհանների տեղադրում, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, արտաքին և ներքին աստիճանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքներ: ԾԻԳ-ի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ շենքի հիմքերի ուժեղացման և մետաղական ցանցի միջոցով ամրացման աշխատանքներն ավարտվել են: Պատուհաններն տեղադրված են: Ընթացքում են հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Ամփոփվում են պահակակետի ու կաթսայատան կառուցման աշխատանքները: Կառուցվել են միջնորմներ, արտաքին և ներքին աստիճաններ:
Ավարտին են մոտենում ցեմենտաավազային հարթեցնող շերտի իրականացումը և սանհանգույցների սալիկապատման աշխատանքները, ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները:
Հավելենք, որ ԿՏԱԿ-ի տարածքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար կահույքի ձեռքբերում և <<Տվյալների մշակման նոր կենտրոնի>> և ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար սերվերների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, ինչպես նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված <<Տվյալների մշակման նոր կենտրոնի>> նախագծման և տեղադրման աշխատանքների իրականացում:













