Նորություններ
Խթանման աշխատանքներ ՀՀ մարզերի կրթական հաստատություններում
20.02.2019
«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ վեց մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները խթանման աշխատանքների և տարածքի ուսումնասիրման նպատակով փետրվարի 11-21-ը աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ վեց մարզերի կրթական հաստատություններ:
Մինչ այցերի մեկնարկը, ծրագրի արդյունավետությունը և ծախսերի նպատակայնությունը բարձրացնելու նպատակով, ԾԻԳ-ի ներկայացուցիչները 2018թ.-ի դեկտեմբերից նախաձեռնել են ՀՀ մարզերում սոցիալ տնտեսական խոցելիության ուսումնասիրության և գնահատման գործընթացը: ՀՀ մարզպետարանների համապատասխան վարչությունների կողմից ԾԻԳ է ներկայացվել մարզերի սոցիալապես խոցելի այն համայնքների ցանկը, որոնցում առկա է նախակրթարան հիմնելու անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով նախակրթարանի կարիք ունեցող խոցելի համայնքների առկայությունը, որոնք չեն կարող ապահովել համայնքային ներդրման պարտադիր պահանջը, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում քննարկվել, լրացումներ են կատարվել ծրագրի Ղեկավար ձեռնարկում, որը վավերացվել է ԿԳՆ նախարարի կողմից և համաձայնեցվել է Համաշխարհային բանկի հետ: Ըստ լրամշակված Ղեկավար ձեռնարկի հնարավոր է դառնում սոցիալապես խոցելի համայնքների ներգրավվածությունը առանց համայնքային պարտադիր ներդրման:
Ուսումնասիրությանը և գնահատման գործընթացին հաջորդել են խթանման և տարածքի ուսումնասիրման աշխատանքները:
Աշխատանքային այցերի մեկնարկը տրվեց ՀՀ Կոտայքի մարզի Զովք համայնքից, ապա ԾԻԳ-ի աշխատանքային խմբերը եղան Կարենիսում, Հրազդան քաղաքում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի, Գավառի, Նորաշենի, Աղնջաձորի, ՀՀ Շիրակի մարզի Ցողամարգի, Անուշավանի, Ախուրիկի, Վարդաքարի, Կրասարի, ՀՀ Սյունիքի մարզի Ախլաթյանի, Իշխանասարի և ՀՀ Տավուշի մարզի Հովքի, Բերքաբերի, Կիրանցի, Լուսաձորի կրթական հաստատություններում: Այցերի շրջանակներում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ ՀՀ մարզրերի կրթական հաստատությունների տնօրենների, մարզպետարանների կրթության բաժնի համապատասխան աշխատակիցների հետ: Հանդիպումների ընթացքում «Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ա. Խաչատրյանը, համակարգողներ Ռ. Խաչատրյանը, Ա. Կարապետյանը և Ա. Մարտիրոսյանը ներկայացրեցին նախադպրոցական կրթության բարեփոխումներին ուղղված միկրոծրգրերի մրցույթին մասնակցելու պայմանների և միկրոծրագրի հայտի ներկայացման համապատասխան ձևերի մասին ընդհանուր տեղեկություններ: Հանդիպումների ընթացքում ԾԻԳ-ի ներկայացուցիչները պարզաբանեցին նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթն ու իրականացման փուլերը, մասնավորապես անդրադառնալով միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին:
Շեշտադրվեց, որ միկրոծրագրերի իրականացման նպատակն է ստեղծել հիմքեր ու բարենպաստ պայմաններ երեխայի ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման համար: Հանդիպումների ընթացքում ծավալվեցին քննարկումներ: Նշենք, որ խթանաման աշխատանքներին հաջորդելու է վերոնշյալ համայնքների կրթական հաստատությունների կողմից միկրոծրագրերի իրականացման հայտի ներկայացման, գնահատման, հաստատման և միկրոծրագրերի իրականացման փուլերը: Ներկաները փաստեցին, որ հանդիպումները նպաստեցին ոչ միայն դրամաշնորհային հայտերի մշակման ու ներկայացման պահանջների հստակեցմանը, այլև առաջիկայում նախադպրոցական միկրոծրագրերի իրականացման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելուն:






































