Նորություններ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
26.12.2018
Հարգելի հայրենակիցներ,
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2018 թվականը մեզ համար եղավ նշանակալի հաջողությունների ու նոր նախաձեռնությունների տարի: Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում 2018 թվականին ևս կարողացանք իրականացնել մի շարք ծրագրեր հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում:
Ավարտվում է 2018 թվականը, որի ընթացքում մեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքում, Վայոց Ձորի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում նորաստեղծ 17 նախակրթարաններ հաճախող մանուկները համալրեցին նախորդ տարիներին բացված գեղեցիկ ու իրենց կարիքներին հարմարեցված նախակրթարաններից օգտվող հազարավոր այլ երեխաների թիվը, հիմնանորոգված հինգ ավագ դպրոցներում՝ Մեծամորում, Նոյեմբերյանում, Հրազդանում, Արարատում և Մարտունիում, աշակերտները հնարավորություն ստացան ուսումնառել անվտանգ և հարմարավետ միջավայրում, շուրջ 580 ուսուցիչներ բոլոր մարզերից վերապատրաստվեցին էլեկտրոնային կրթության զարգացման նոր գործիքների և հնարավորությունների կիրառության ուղղությամբ: Բուհական համակարգում մեր աշխատանքի արդյունքում ուսանողները, գիտնականներն ու դասախոսներն այսուհետ իրենց նորարարական գաղափարները կարող են իրագործել վերանորոգված, նորագույն սարքավորումներով և տեխնիկայով զինված և կենտրոններում ու լաբորատորիաներում, որոնք 2018 թվականին համալրվեցին Երևանի պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական գերազանցության կենտրոնով, Երևանի պետական կոնսերվատորիայի Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայով, Գլաձոր համալսարանի կրիմինիալիստիկայի նորագույն լաբորատորիայով, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտահետազոտական եզակի կենտրոնով, Հյուսիսային համալսարանի Ալավերդի մասնաճյուղում հեռավար ուսուցման շնորհիվ մարզի ուսանողներին ընձեռված առավել բարձրորակ մասնագիտական կրթության ստացման հնարավորություններով:
«Կրթական ծրագրերի կենտրոնը» նույն պատրաստակամությամբ ջանքերը ներդնելու է 2019 թվականին՝ կրթության ոլորտի բարելավման նոր գաղափարներ և ծրագրեր կյանքի կոչելու համար:
Լիահույս ենք, որ 2019 թվականը բոլորիս համար լինելու է մեծ ձեռքբերումների տարի։ Ինչպես նախկինում, գալիք տարի նույնպես «Կրթական ծրագրերի կենտրոնը» կաջակցի կրթության բարելավմանն ու կրթական խնդիրների լուծմանը:
Մաղթում ենք, որ 2019 թվականը լինի խաղաղության, բարեկեցության, մտքի խթանման և իրացման, նորարարությունների և առաջընթացի տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ