Նորություններ
«Սպորտ Կաբ» գիտահետազոտական նորարարական կենտրոն ՆՄՀ դրամաշնորհով
26.09.2018
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնի բացումը, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ինչպես նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի ստեղծման պատմությունը սկսվել է 2017 թ.-ի դեկտեմբերից, երբ <<Կրթության բարելավում>> ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում մեկնարկել էր «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Հավելենք, որ կենտրոնի ստեղծման պատմությունը և այլ մանրամասներ հասանելի են Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի նախկին հրապարակումներում:
ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի բացման արարողության սկզբում ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը ողջույնի և շնորհավորանքի իր խոսքում նշեց, որ գիտահետազոտական կենտրոնի բացումը ինստիտուտի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է, այն է` արդիականացնել և կատարելագործել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացվող գիտական հետազոտությունները:
<<Նման արդիական սարքավորումների առկայությունը բուհում կխթանի գործընկեր շրջանակների հետ փոխշահավետ համագործակցային կապերը` մասնավորապես նպաստելով սպորտային բժշկության ոլորտի գիտահետազոտական աշխատանքների ուղղությունների ընդլայնմանը>>,-հավելեց ռեկտորը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս կարևորեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը, որը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը: Նախարարի խոսքով` սա այն է, ինչ նոր կառավարությունը և ԿԳՆ նոր ղեկավարությունը ցանկանում են, այսինքն, որ բուհերը վերածվեն նաև գիտահետազոտական կենտրոնների: Ծանոթանալով կետրոնի ընձեռած հնարավորություններին՝ նախարարը ընդգծեց. <<Գիտահետազոտական կենտրոնի առկայությունը բուհում թույլ է տալիս Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացնել հենքային գիտական հետազոտություններ և ձևավորել մրցունակ գիտական և նորարարական ներուժ, աստիճանաբար անցում կատարել հետազոտական ինստիտուտի կարգավիճակի>>:
ՀՖԿՍՊԻ դրամաշնորհային ծրագրի ղեկավար, գիտահետազոտական նորաբաց կենտրոնի տնօրեն Արայիկ Գյոզալյանի խոսքով՝ դրամաշնորհային ծրագիրն իրականացավ ԾԻԳ-բուհ համատեղ աշխատանքի շնորհիվ:
«Մեր համատեղ աշխատանքի ու համագործակցության արդյունքում ստեղծվել է եզակի գիտահետազոտական կենտրոն, որը լայն հնարավորություն է ստեղծում համալսարանի աշխատակիցների համար՝ սեփական փորձով գիտական աշխատանքներ հեղինակել սպորտային բժշկության ոլորտում>>,-նշեց Ա. Գյոզալյանը:
Հատկանշական է՝ կենտրոնը, որը հագեցած է եզակի սարքավորումներով, ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգով, դեռևս միակն է ողջ տարածաշրջանում: Հենց տեղում հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու ներկայացված սարքավորումների աշխատանքը, հետաքրքվեցին և ծանոթացան ուսումնական և հետազոտական գործընթացում դրանց կիրառության նպատակներին:
Գիտահետազոտական նորաբաց կենտրոնում մարզիկները կարող են ստուգել սիրտ անոթաին և շնչառական համակարգի աշխատանքը, մկանների ծանրաբեռնվածությունը: Հնարավորություն կա կետային ճառագայթների օգնությամբ ստուգել վերջույթներն ու ոսկրային համակարգը: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված եզակի սարքերն ավտոմատ գնահատում և որոշում են մարզիկի պատրաստվածությունը, տալիս հենաշարժողական ապարատի, մարմնի կազմվածքի վերլուծություն: Կենտրոնում գործում են սրտաբանական-վերականգնողական բաժիններ և սմարթ լսարան :
Խոսելով կենտրոնի հնարավորությունների մասին դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նշեց. <<Դրամաշնորհային ծրագրի արդյունքում բուհն ունի ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու լուրջ նախադրյալներ և քննարկում է հնարավոր համագործակցության ծրագրեր մի շարք ֆեդերացիաների, հավաքական թիմերի, մարզական և այլ շրջանակների հետ, ինչը նաև հետագայում կնպաստի բուհում ձեռնարկատիրական գործունեության ծավալմանը>>:




























