Նորություններ
Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները
12.07.2018
<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիս և հուլիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել մայրաքաղաքի, Վայոց Ձորի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը Երևանում և վերոնշյալ մարզերի համայնքներում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ մայրաքաղաքում և վերոնշյալ համայնքների կրթական հաստատություններում հունիսին մեկնարկել են շինարարական աշխատանքները: Աշխատանքային այցերի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձանագրեց, որ Երևան քաղաքի թվով 9-ը, ՀՀ Վայոց Ձորի մարզի Գլաձոր, Եղեգիս, Գետափ և ՀՀ Լոռու մարզի Գուգարք, Մարգահովիտ, Ձորամուտ համայնքների ուսումնական հաստատություններում նախակրթարանի հիմնման համար ընտրված տարածքներում ընթացքում են քանդման աշխատանքները: Իրականացվում են նաև պատուհանների և դռների տեղադրման աշխատանքներ: Իսկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 30 կրթօջախում քանդման աշխատանքները ավարտվել են հունիսի առաջին տասնօրյակում: Դռները և պատուհանները տեղադրված են, իրականացվում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի կրթօջախում իրականացված մշտադիտարկման արդյունքում ինժեներ խորհրդատուն աևձանագրեց, որ ընթացքում են հատակի ցեմենտավազային հարթեցնող նախաշերտի կառուցման աշխատանքները:
Խոսելով Երևանում և վերոնշյալ մարզերում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ Վռամ Բոյաջյանը փաստեց, որ շինարարական աշխատանքները ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանները կսկսեն գործել առաջիկա ուսումնական տարվանից՝ ապահովելով մայրաքաղաքի և այդ համայնքների 5-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ՝ գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներով լի անկյուններ: Նշենք, որ միկրոծրագրերի իրականացումը պարբերական բնույթ է կրում և հավելենք՝ <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2015-2017թթ.-ի ընթացքում ստեղծվել են նմանօրինակ 80 նախակրթական հաստատություններ ՀՀ մարզերում :












